Դատավորը չպետք է օգտագործի դատավորի կամ դատարանի հեղինակությունն անձնական, ընտանեկան կամ այլ շահեր իրականացնելու նպատակով: Դատավորը պետք է խուսափի շահերի բախումից. նա չպետք է թույլ տա, որպեսզի իր ընտանեկան, հասարակական կամ այլ հարաբերություններն ազդեցություն ունենան իր` որպես դատավորի առաքելության վրա:Դատավորը չպետք է պահանջի կամ ընդունի որևէ նվեր, արտոնյալ վարկ կամ այլ ծառայություն` ի հատուցումն մասնագիտական պարտականությունների կատարման: Նույնը դատավորը չպետք է թույլատրի իր ընտանիքի անդամներին և բոլոր այն անձանց, ովքեր գտնվում են իր ղեկավարության կամ ազդեցության ներքո: Դատավորը պարտավոր է ողջամտության սահմաններում տեղեկացված լինել ընտանիքի անդամների ֆինանսական գործունեության և շահերի մասին:
Ինչպես նաև դատավորն իրավունք ունի ինքնարտահայտման, դավանանքի ազատության, արհմիություններում և այլ հասարակական կազմակերպություններում միավորման, սակայն այդ իրավունքներից նա պետք է օգտվի այնպես, որ բարձր պահի դատավորի կոչումը և կասկածներ չառաջացնի դատարանի անկախության ու անաչառության նկատմամբ: