Հովհաննես Հ․-ն մեղադրվում է Յուրիկ Ա․-ի կորցրած դրամապանակին ապօրինի տիրանալու և իմանալով, թե ով է դրամապանակի իրական տիրապետողը, այն վերադարձնելու համար անհրաժեշտ միջոցներ չձեռնարկելու համար։ Iravaban.net-ը հայտնում է, որ գործը դատարան է ստացվել հունվարի 18-ին։
2023 թվականի նոյեմբերի 21-ին, ժամը՝ 21։00-ից 22։00-ի սահմաններում Յուրիկ Ա․-ն «Զվարթնոց» օդանավակայանին հարակից գազալցակայանի դիմացի հատվածում կորցրել է իր դրամապանակը, որի մեջ եղել է 900․000 ՌԴ ռուբլի, իր ՌԴ անձնագիրը, ավտոմեքենայի տեխանձնագիրը, բջջային հեռախոսի քարտի տուփ, բանկային և բոնուսային քարտեր։
«․․․Նույն օրը տվյալ դրամապանակը վերոնշյալ տարածքից գտել է Շահեն Խ․-ն, որից հետո այդ տարածքում գործող տաքսի ծառայության գրասենյակի աշխատակից Հովհաննես Հ․-ն տեղեկանալով կատարվածի մասին, կապ է հաստատել Շահեն Խ․-ի հետ և հայտնել, որ դրամապանակը թողնի իր մոտ, որպեսզի ինքը այն վերադարձնի սեփականատիրոջը։ Այդ կերպ՝ ապօրինի տիրանալով Յուրիկ Ա․-ին պատկանող դրամապանակին և իմանալով, թե այն ում է պատկանում, ոչ մի անհրաժեշտ միջոց չի ձեռնարկել դրամապանակը իրական տիրապետողին վերադարձնելու համար»,-նշվում է մեղադրական եզրակացության մեջ։
Գործը մակագրվել է դատավոր Հրաչյա Մեխակյանին։ Ամբաստանյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: