Հակակոռուպցիոն քրեական դատարանում, դատավոր Սուրեն Խաչատրյանի նախագահությամբ, այսօր՝ մարտի 14-ին, տեղի ունեցավ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով քննությունը։
Մեղադրական եզրակացության մեջ նշվում է՝ Գասպարյանը, տեղյակ լինելով, որ իր հետ փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող Սուսաննա Սարդարյանը (Գասպարյանը) ՊՆ ՌՈ ծառայության չի ներկայացել և պաշտոնից բխող ծառայողական պարտականությունները երբևէ չի կատարել, վերջինիս աշխատավարձ է վճարել է աշխատավարձ։
Պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերով 17միլիոն 275 հազար 721 դրամի վնաս:
Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք էր առաջադրվել նաև իր՝ անվտանգության պետի պարտականությունները փաստացի կատարող Արշակ Հակոբյանի հետ նախնական համաձայնությամբ փաստացի իրեն պատկանող գույքը (մեքենան) նրա անվամբ գրանցելով, այսինքն՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը օրինականացնելու համար։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ դատական նիստին ներկայացել էին հանրային մեղադրողներ Արմեն Մուրադյանը, Արսեն Գևորգյանը, մեղադրյալ Վլադիմիր Գասպարյանը, վերջինիս պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։ Չէին ներկայացել տուժողների ներկայացուցիչներ Սամվել Պողոսյանը և Արամ Մարտիրոսյանը, վկաներից ներկայացել էր միայն Արշակ Հակոբյանը։
Դատավորի հարցին, թե դատավարության մասնակիցներից նա ում է ճանաչում և ինչպիսի հարաբերությունների մեջ է, վկա Արշակ Հակոբյանը պատասխանեց, որ բոլորին էլ ճանաչում է, նրանց հետ աշխատանքային հարաբերությունների մեջ է գտնվել։
Վկան նշել է, որ Mercedes Benz G500 մակնիշի ավտոմեքենան Վլադիմիր Գասպարյանինն է, և քանի որ նա զբաղված է եղել աշխատանքի բերումով, ինքն է գնացել մեքենան գնել և գրանցել իր անունով։
Դատախազը հարցեր ուղղեց Հակոբյանին․
-Գործի քննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել, որ 2013 թվականին Ձեր անվամբ «Ավանգարդ մոթորսից» ձեռք է բերվել Mercedes Benz G500 մակնիշի ավտոմեքենան։ Այն Ձե՞րն է եղել, թե՞ Վլադիմիր Գասպարյանինը։
-Վլադիմիր Գասպարյանինը։
-Գումարը ո՞վ է վճարել։
-Վլադիմիր Գասպարյանը։
-Հենց ի՞նքն է վճարել։
-Ես զբաղված եմ եղել, տղերքից են տարել վճարել կամ ես եմ տարել, չեմ էլ հիշում։
-Գործի տվյալների համաձայն՝ արժեքը եղել է 71 միլիոն 556 հազար դրամ։ գումարը Ձե՞ր կողմից է վճարվել, թե՞ այլ անձի։
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանն առարկեց՝ նշելով, որ վկան արդեն ասաց՝ չի հիշում։
Դատախազի հաջորդ հարցին, թե հետագայում ինչ եղավ «մեքենայի ճակատագիրը», վկան պատասխանեց, որ վաճառել են, բայց չգիտի՝ ում են վաճառել, քանի որ ինքը չի ներկա չի եղել։
-Հեղուշ Գալստյանին ճանաչու՞մ եք։
-Այո։
-Որպես ի՞նչ եք ճանաչում։
– Պարոն Գասպարյանի զոքանչ։
– Վերջինս մեքենաների ձեռքբերման հետ առնչություն ունեցե՞լ է, թե՞ ոչ։
– Տնից տվել են, տարել վճարել են, ես տեղյակ չեմ՝ ով է վճարել։
Ըստ մեղադրանքի՝ 2005-2021 թվականների ընթացքում Վլադիմիր Գասպարյանի, նրա ընտանիքի անդամների, ինչպես նաև նրա հետ փոխկապակցված անձանց՝ մոր՝ Անժելա Գասպարյանի և կնոջ՝ Սուսաննա Սարդարյանի մոր՝ Հեղուշ Գալստյանի անվամբ գրանցվել են փաստացի Վլադիմիր Գասպարյանին պատկանող Երևան քաղաքում և ՀՀ մարզերում գտնվող տարբեր անշարժ գույքեր, ինչպես նաև շարժական գույքեր, բացի այդ, Վլադիմիր Գասպարյանը, նրա ընտանիքի անդամները և նրա հետ փոխկապակցված անձ Հեղուշ Գալստյանը կատարել են բանկային անկանխիկ ծախսեր, կոմունալ վճարումներ, սակայն ինչպես գնված անշարժ և շարժական գույքերի շուկայական արժեքների, այնպես էլ բանկային անկանխիկ եղանակով իրականացված ծախսերի ու կատարված կոմունալ վճարումների հարաբերակցությունը շեշտակիորեն տարբերվել է նրանց կողմից ստացված օրինական եկամուտներից:
Դատախազի հետաքրքրվեց նաև 2014 թվականին ձեռք բերված Mercedes Benz S500L մակնիշի ավտոմեքենայի մասին։ Վկան պատասխանեց, որ այդ մեքենան վաճառվել է, գումարները քիչ-քիչ վերադարձրել են, տարել են, մյուս մեքենան են գնել, և նշված մեքենան դարձյալ Վլադիմիր Գասպարյանինն է։
Արշակ Հակոբյանը դատարանում հայտնեց, որ իր եղբոր տղան, Էրիկ Հակոբյանն է ավտոմեքենան վաճառել, բերել և գումարը տվել է Վլադիմիր Գասպարյանին․ «Ես որտեղից պետք է տեղյակ լինեմ կամ ես ինչ իրավունք ունեմ հարցնել՝ պարոն Գասպարյան, էս փողը քեզ ո՞րտեղից»։
Դատախազը միջնորդեց թույլատրել հրապարակել 2022 թվականի Արշակ Հակոբյանի հարցաքննության արձանագրությունը։ Նա ընդգծեց, որ նախաքննության արդյունքում հստակ ասվել է, որ վճարումը կատարվել է Վլադիմիր Գասպարյանի զոքանչ Հեղուշ Գալստյանի կողմից, իսկ այժմ նա նշում է, թե վերջինս որևէ առնչություն չի։
Դատարանը, քննարկելով դատախազ Արմեն Մուրադյանի կողմից ներկայացված միջնորդությունը Արշակ Հակոբյանի նախաքննական ցուցմունքի վերաբերյալ, որոշեց բավարարել միջնորդությունը, թույլատրել հրապարակել վկա Արշակ Հակոբյանի ցուցմունքը։
Նախաքննության ընթացքում վկան ասել է․ «Որքան հիշում եմ, ավտոմեքենաներից մեկի համար վճարումը կատարվել է Վլադիմիր Գասպարյանի զոքանչի՝ Հեղուշ Գալստյանի անվամբ»։
Այսօր դատարանում Արշակ Հակոբյանը կրկին պնդեց, որ չի հիշում՝ կոնկրետ ինչի համար է վճարում արվել․ «Ամեն դեպքում, դրանք Վլադիմիր Գասպարյանի գումարներն են»։
Հաշվի առնելով, որ նիստին այլ վկաներ չէին ներկայացել, այն հետաձգվեց։ Հաջորդ դատական նիստը՝ մարտի 20-ին։
Մարիամ Շահնազարյան