Հանրապետության նախագահին առաջարկել Բորիս Հրանտի Բախշիյանի թեկնածությունը՝ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացման դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար։ Այս մասին Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է ընդունել մարտի 14-ին։
Որոշման մեջ մասնավորապես ասվում է․
«2024 թվականի մարտի 14-ին, դռնփակ նիստում, քննարկելով Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի թափուր տեղը համալրելու նպատակով համապատասխան մասնագիտացում ունեցող այլ դատարանի ռեզերվային դատավորի թեկնածությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերով, 115-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 117-րդ հոդվածով՝ Բարձրագույն դատական խորհուրդը որոշեց՝
1. Հանրապետության նախագահին առաջարկել Բորիս Հրանտի Բախշիյանի թեկնածությունը՝ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացման դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար:
2. Սույն որոշման 1-ին կետով ներկայացված առաջարկի վերաբերյալ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 117-րդ հոդվածով սահմանված կարգով Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելու պահից Բորիս Հրանտի Բախշիյանի՝ ռեզերվային դատավորի կարգավիճակը համարել դադարած:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից»:
Հիշեցնենք, որ Բախշիյանը ձերբակալվել էր փետրվարի 7-ին։ Նա մեղադրվում էր իր վարած գործերից մեկով ամբաստանյալին ապօրինի ձերբակալելու համար։ Դատավորը քննել է նաև «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի գործը։ Բարձրագույն դատական խորհուրդը որոշել էր հետաքննության ընթացքում կասեցնել նրա լիազորությունները։
Դատարանը նրան արդարացրել է։