Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը facebook-յան իր էջում, դիմելով Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր-նախագահ Շուշան Դոյդոյանին, հետաքրքրվել է`արդյո°ք Երևանի քաղաքապետարանի Ժանգոտ կողպեք մրցանակը ե՞տ են վերցրել:
«Հարգելի տիկին Դոյդոյան, գուցե չեք լսել, որ Ավագանու երեկվա նիստում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը հայտարարեց, որ տեղեկատվության ազատության կենտրոնի ղեկավարությունը ներողություն է խնդրել իրենցից այն բանի համար, որ երևանի քաղաքապետարանին ՙ՚շնորհած՚՚ ժանգոտ կողպեք մրցանակը սխալմամբ է տրվել Երևանին, որովհետև իրենք ապացուցել են վերոնշյալ հ/կ-ին, թե որքան թափանցիկ ու բաց են իրենք աշխատում: Ուզում եմ հաստատեք այս լուրը կամ հերքեք»,- նշել էր Անահիտ Բախշյանը:
Շուշան Դոյդոյանը գրառմանն արձագանքել է. «Բացարձակ սուտ է, տիկին Բախշյան»:
«Այդ սուտ տեղեկությունը հնչեց Երևանի ավագանու աշխատակազմի ղեկավարի բերանից, հաստատվեց քաղաքապետի կողմից, շարունակելի…………………………………………»,- ավելացրել է Անահիտ Բախշյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերին Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կազմակերպած ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ մրցանակաբաշխության բացասական խորհրդանիշը` Ժանգոտ կողպեքը, որպես փակ աշխատանքի խորհրդանիշ շնորհվել էր Երևանի քաղաքապետարանին` որպես քաղաքացիների տեղեկություն ստանալու հարցումներին ամենադանդաղ պատասխանող մարմին: