Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում այսօր՝ փետրվարի 26-ին, տեղի ունեցավ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի և նրա կնոջ՝ Լամարա Խուդավերդյանի՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքերի և դրամական միջոցների բռնագանձման գործով դատական նիստը, որը նախագահում է դատավոր Լիլի Դրմեյանը։
Նշենք, որ պատասխանող կողմի ներկայացուցիչը դեմ էր նիստի տեսանկարահանմանը և լուսանկարահանմանը։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ պատշաճ ծանուցվել, սակայն նիստին չէին ներկայացել պատասխանողներ Հրայր Թովմասյանը և Լամարա Խուդավերդյանը։ Վերջինիս ծանուցումը դատարանին է վերադարձվել «բացակա» նշումով: Խուդավերդյանի ծանուցումը դատարանն ապահովել է վարչական շրջանի ղեկավարի և էլեկտրոնային ծանուցման միջոցով:
Դատարանը թեև պատասխանողին ծանուցել էր նաև azdarar.am-ի միջոցով, սակայն նախագահող դատավորը հայտնել է, որ գործի նյութերում նշված փաստը հավաստող համապատասխան փաստաթուղթն առկա չէ։
«Տեղի է ունեցել նշված հրապարակման ժամկետային պահպանում, և այս պահին տպելու և նյութերին կցելու հնարավորություն դատարանը չունի: Այսինքն՝ ստացվում է, որ գործի նյութերում այս նիստի մասին Լ. Խուդավերդյանի azdarar.am կայքի միջոցով ծանուցման կոնկրետ փաստաթուղթ առկա չէ», – նշել է Լիլի Դրմեյանը:
Նախկինում Լամարա Խուդավերդյանի ծանուցումները վերադարձվում էին «չպահանջված» նշումով։ Ո՛չ նա, ո՛չ էլ Հրայր Թովմասյանը երբևէ չեն մասնակցել նշված գործով դատաքննությանը։
Հարցի վերաբերյալ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Նաիրա Արտաշեսյանն ասել է, որ պատշաճ ծանուցման ապացույց չունենալու պարագայում նիստը չի կարող շարունակվել:
Հրայր Թովմասյանի ներկայացուցիչ Արթուր Հովհաննիսյանի խոսքով՝ Հրայր Թովմասյանի շահերին առնչվող իր միջնորդությունը կներկայացնի այն ժամանակ, երբ գործի բոլոր մասնակիցները ներկա լինեն կամ վստահ լինեն, որ բոլորը պատշաճ ծանուցվել են, սակայն չեն ներկայացել։
Գործի քննությունը հետաձգվել է և նախնական դատական նիստի նոր օր է ընտրվել:
Մարիամ Շահնազարյան