Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր «Չենք վճարելու 150 դրամ» քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստները հավաքվել էին քաղաքապետարանի դիմաց՝մասնակցելու ավագանու նիստին: Նրանց էին միացել նաև մի շարք քաղաքացիներ:
Իրավաբան.net-ի թղթակցի հետ զրույցում քաղաքապետարանի դիմաց գրեթե երեք ամիս նստացույց կատարած ակտիվիստ Սուրեն Սահակյանը նշեց, որ ցանկանում են մասնակցել ավագանու նիստին և բարձրացնել իրենց օրակագային հարցերը. «Ըստ օրենքի՝ ավագանու նիստերը անցկացվում են դռնբաց, և մենք իրավունք ունենք մասնակցելու այդ նիստին: Չնայած հաշվի առնելով վարչակարգի վերաբերմունքը՝ կարծում եմ գուցե և դա մեզ չհաջողվի: Բայց դա նրանց կողմից կլինի օրենքի խախտում»:
Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ Արթուր Կարապետյանը ակտիվիստների պահանջին ի պատասխան ասաց, որ իրենք որևէ դիմում նիստին մասնակցելելու համար չեն ստացել. «Բացի այն, որ որևէ դիմում չենք ստացել, չունենք նաև դահլիճային համապատասխան պայմաններ՝ տեղերը սահմանափակ են: Մասնակցության համար հարկավոր է նախօրոք հայտ ներկայացնել»:
Սուրեն Սահակյանը Իրավաբան.net-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձավ նաև նստացույցը դադարեցնելուն: Ըստ նրա՝ նստացույցը պայքարի պասիվ ձև է. «Մենք շարունակելու ենք մեր պայքարը: Կստեղծենք միասնական օրակարգ և կկազմակերպենք բաց քննարկումներ: Մենք ամեն ինչ անելու ենք, որ տրանսպորտի հարցը լուծվի ի շահ հասարակության, այլ ոչ թե՝ գծատերերի»:
Քաղաքացիական ակտիվիստի գնահատմամբ՝ նստացույցը կարելի է հաջողված համարել. «Այս նստացույցի միջոցով պարզ դարձավ, որ Տարոն Մարգարյանը վերջին 20 տարիների լավագույն քաղաքապետը չէ: Միաժամանակ պարզ դարձան նաև այն ապօրինությունները, որոնք կատարվում են քաղաքապետարանի կողմից. մեր ուղարկած հայցադիմումներին նրանք կամ չէին պատասխանում, կամ էլ քրեական հեղինակությունների էին խառնում, որպեսզի հետ վերցնեն հայցերը»:
Մեր զրուցակիցը, որպես նստացույցի արդյունք, հատկապես շատ կարևորեց պատասխանատվության ինստիտուտի ներդրումը հանրության մեջ. «20 տարի պաշտոնյաները որոշակի օրենքներ են խախտում, ապօրինություններ թույլ տալիս, բայց շարունակում պաշտոնավարել: Իսկ հիմա պաշտոնյաները գիտեն, որ գուցե հայտնվեն ևս 3 կամ 100 հոգի, ովքեր նստացույց կհայտարարեն: Գոնե դա հաշվի առնելով նրանք զգույշ կմնան»:
Սուրեն Սահակյանը խոսեց նաև առավոտյան ոստիկանների և ակտիվիստների միջև տեղի ունեցած վիճաբանության մասին՝ քաղաքապետարանի դիմաց ավտոմեքենաները կայանելու հետ կապված:
«Սեպտեմբերի 21-ից ոստիկանները ապօրինի կերպով չեն թողնում քաղաքապետարանի դիմացի կանգառում սեփական մեքենաներ կայանենք: Նրանք ասում են, որ կանգառը նախատեսված է միայն ծառայողական մեքենաների համար՝ մատնացույց անելով համապատասխան նշանը: Սակայն Կառավարության համապատասխան որոշման մեջ, որտեղ երթևեկությունը կարգավորող բոլոր նշանները կան, այս նշանը չկա»,- ասաց ակտիվիստը, ապա հավելեց,- «Մենք ոստիկաններին պնդեցինք, որպեսզի ներկայացնեն իրենց պահանջի իրավական հիմքերը, սակայն ոստիկանները ոչինչ չներկայացրին: Գուցե հասկացան, որ իրավաչափ չէ իրենց պահանջը»:
Հիշեցնենք նաև, որ այսօր՝ ավագանու նիստից առաջ, ոստիկանների և ակտիվիստների միջև տեղի են ունեցել բախումներ, որոնց արդյունքում բերման են ենթարկվել երկու ակտիվիստ՝ Վահագն Մինասյանը և Դվին Իսայանսը:
Իրավաբան.net