Ի°նչն է համարվում բանկային գաղտնիք

Բանկային գաղտնիք են համարվում բանկի հաճախորդին սպասարկելու կապակցությամբ տվյալ բանկին հայտնի դարձած հաճախորդի հաշիվների վերաբերյալ տեղեկությունները, հաճախորդի հանձնարարությամբ կամ հօգուտ հաճախորդի կատարված գործառնությունների վերաբերյալ տեղեկությունները, ինչպես նաև նրա առևտրային գաղտնիքը, գործունեության ցանկացած ծրագրի կամ մշակման, գյուտի, արդյունաբերական նմուշի մասին տեղեկությունները և նրա վերաբերյալ ցանկացած այլ տեղեկություն, որը հաճախորդը մտադիր է եղել գաղտնի պահել, և բանկը տեղյակ է կամ կարող էր տեղյակ լինել այդ մտադրության վերաբերյալ:

Բանկերի վերահսկողության կապակցությամբ բանկերի և դրանց հաճախորդների վերաբերյալ Կենտրոնական բանկին հայտնի դարձած հաճախորդի հաշիվների վերաբերյալ տեղեկությունները, հաճախորդի հանձնարարությամբ կամ հօգուտ հաճախորդի կատարված գործառնությունների վերաբերյալ տեղեկությունները, ինչպես նաև նրա առևտրային գաղտնիքը, գործունեության ցանկացած ծրագրի կամ մշակման, գյուտի, արդյունաբերական նմուշի մասին տեղեկությունները և նրա վերաբերյալ ցանկացած այլ տեղեկությունները համարվում են բանկային գաղտնիք: Բանկերը համարվում են Կենտրոնական բանկի հաճախորդներ:

Բանկային գաղտնիքի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Բանկային գաղտնիքի մասին ՀՀ օրենքով, այլ օրենքներով, իսկ օրենքով նախատեսված դեպքերում և սահմաններում` նաև այլ իրավական ակտերով:

Բանկերը երաշխավորում են բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների պահպանումը:

Բանկերը պարտավոր են տեխնիկական այնպիսի միջոցներ ձեռնարկել և կազմակերպական այնպիսի կանոններ սահմանել, որոնք անհրաժեշտ են բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները պատշաճ պահպանելու համար:

Բանկը կարող է դատարանում հրապարակել բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները հաճախորդի վերաբերյալ` իր իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու անհրաժեշտության դեպքում և սահմաններում, եթե վեճը ծագել է բանկի և տվյալ հաճախորդի միջև: Տվյալ դեպքում բանկի կամ հաճախորդի միջնորդությամբ դատական նիստը կարող է լինել դռնփակ:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել