Հաշմանդամ, մտավոր կամ ֆիզիկական արատ ունեցող երեխայի իրավունքները

Պետությունը և նրա համապատասխան մարմինները հաշմանդամ, մտավոր կամ ֆիզիկական արատ ունեցող երեխային երաշխավորում են անվճար մասնագիտացված բժշկական, արատաբանական և հոգեբանական օգնություն, իր հնարավորություններին համապատասխանող բազային և մասնագիտական կրթություն ստանալու, աշխատանքի տեղավորվելու հնարավորություն, սոցիալական վերականգնում, լիարժեք կյանք` նպաստելով նրա ինքնավստահության ամրապնդմանը, դյուրացնելով նրա մասնակցությունը հասարակական կյանքին: Նման երեխաները կարող են իրենց ցանկությամբ սովորել հանրակրթական դպրոցներում:

Պետությունը և նրա համապատասխան մարմինները նրանց համար ստեղծում են հատուկ մանկատներ, գիշերօթիկ հաստատություններ, իրականացնում են հաշմանդամ երեխաների բուժման հետևանքով նրանց թվաքանակը նվազեցնող սոցիալ-տնտեսական միջոցառումներ, կազմակերպում են հաշմանդամ երեխաների կենսագործունեության համար անհրաժեշտ տեխնիկական սարքերի արտադրությունը և դրանց ձեռքբերումը:

Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով` հաշմանդամ երեխաներն ունեն հաշմանդամության սայլակների, հատուկ պրոթեզաօրթոպեդիկ կոշիկների ու բոլոր տեսակի պրոթեզային իրերի, բացի թանկարժեք մետաղներից պատրաստվող ատամնապրոթեզներից և հաշմանդամ երեխաների կենսագործունեության համար անհրաժեշտ տեխնիկական այլ սարքերի, առարկաների անվճար պատվիրման, նորոգման և ստացման իրավունք` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքները սահմանվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով,Երեխայի իրավունքի մասին ՀՀ օրենքով և Հայաստանի Հանրապետության այլ նորմատիվ իրավական ակտերով: Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են երեխայի իրավունքները կարգավորող այլ նորմեր, քան նախատեսված են Երեխաների իրավունքների մասին ՀՀ օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել