Սահմանային էսկալացիաներ ծավալելու համար Ադրբեջանը փնտրում է պատրվակներ․ ՀՀ ԱԳՆ

Փետրվարի 13-ի առավոտյան Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի, Կապան խոշորացված համայնքի Ներքին Հանդ բնակավայրի շրջանում Ադրբեջանի զինված ուժերի հերթական սադրանքի և ուժի կիրառման արդյունքում հայկական կողմն ունի 4 զոհ և մեկ վիրավոր, նշվում է ԱԳ նախարարության հայտարարության մեջ։

«Չնայած ՀՀ իրավասու մարմինների` փետրվարի 12-ի հաղորդագրությանը, որը նույն օրն ադրբեջանական լրատվամիջոցների կողմից հրապարակված կադրերը և տեղեկությունները, թե Կապանի հատվածում ՀՀ դիրքապահներն ադրբեջանցի զինվորի են վիրավորել, հետաքննվում են, ադրբեջանական կողմը փետրվարի 13-ի առավոտյան ագրեսիվ գործողություններ է իրականացրել։ Սա ի ցույց է դնում, որ սահմանային էսկալացիաներ ծավալելու համար Ադրբեջանը փնտրում է պատրվակներ:

Ուժի կիրառման այս գործողություններին նախորդել էին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ռազմատենչ հայտարարությունները, ինչպես նաև վերջին օրերի տեղեկատվական-քարոզչական նախապատրաստական աշխատանքները: Ադրբեջանական ղեկավարությունը շարունակաբար փորձ է անում վիժեցնել Հարավային Կովկասի կայունությամբ և անվտանգությամբ շահագրգիռ դերակատարների ջանքերը՝ վերսկսելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցությունները:

Խստրեն դատապարտում ենք ռազմական սադրանքների դիմելու ադրբեջանական այս գործողությունները, կոչ ենք անում զերծ մնալ իրավիճակն ապակայունացնող քայլերից և վերադառնալ բանակցությունների: Եվս մեկ անգամ վերահաստատում ենք հայկական կողմի նախորդիվ հնչեցրած առաջարկները` իրականացնելու սահմանային անվտանգության բարձրացմանն ուղղված հուսալի միջոցառումներ»,-նշվում է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել