«Մեկ հրշեջ և մեկ քաղաքացի ծխահարվել են․ պայթյուն չի եղել»․ Նարեկ Սարգսյանը՝ պահեստում բռնկված խոշոր հրդեհի մասին

Ինչպես արդեն հայտնել ենք, փետրվարի 10-ին, ժամը 09:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Թբիլիսյան խճուղում գտնվող պահեստային տարածքում:

«Կարճ ժամանակում կանխվել է հրդեհի տարածումը։ Այս պահին հրդեհաշիջման աշխատանքներ են տարվում։ Նախնական տվյալներով տուժածներ չկան։ Մեկ հրշեջ և մեկ քաղաքացի ծխահարվել են, առաջին բուժօգնություն է ցույց տրվել»,-լրագրողների հետ զրույցում ասաց Ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։

Նա նշեց, որ հրդեհի պատճառը կպարզվի քննությամբ, կանխավարկածներ չեն կարող հայտնել։

«Պահեստային տարածք է։ Տարբեր ապրանքներ կան՝ սննդամթերք, շինարարական ապրանքներ։ Համացանցում լուրեր կային տարածված, որ պայթյուն է եղել, այս պահի դրությամբ կարող ենք ասել, որ պայթյուն չի եղել»,-մանրամասնեց Նարեկ Սարգսյանը։

Փրկարար ծառայությունից հայտնել են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից տասերկու մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը և գազածխապաշտպան ծառայության մեքենան։

Դեպքի վայրում են գտնվում ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը, ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալները՝ փ/ծ գնդապետ Ե․ Կարապետյանը, փ/ծ գնդապետ Տ․ Պետրոսյանը, Փրկարար ուժերի վարչության պետ, փ/ծ գնդապետ Ա․ Գևորգյանը և Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Ա․ Կիրակոսյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել