Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Հայաստանում բազմաթիվ քաղաքացիներ դժգոհ են դատական համակարգի աշխատանքից։ Նա այդ մասին ասել է ԱԺ նիստում՝ դիմելով Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանին։
ԱԺ նախագահը նշեց, որ զրպարտության և վիրավորանքի վերաբերյալ հայցերով բազմաթիվ վճիռներ են կայացվում, սակայն դատարանները, համաձայն լինելով, որ տեղի է ունեցել վիրավորանք կամ զրպարտություն, միևնույն ժամանակ խ՛ուսափում են փոխհատուցման մեծ չափ սահմանելուց։ «Խոսքը պատասխանող կողմին հնարավորինս շատ ծանր իրավիճակում դնելու մասին չէ: Բայց կա մեկ այլ ծայրահեղություն, երբ փաստաբանի ծախսը, պետական տուրքի ծախսը չի փոխհատուցվում»,-ասաց Սիմոնյանը:
ԱԺ նախագահը նշեց, որ բազմաթիվ այդպիսի գործեր կան, նաև իր կողմից ներկայացված հայցերի դեպքում, երբ դատարանը փոխհատուցման նվազագույն շեմն է սահմանում: Նա ԲԴԽ նախագահին հարցրեց, թե ի՞նչ դիրքորոշում ունի այս հարցի վերաբերյալ։
ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը նշեց, որ ԱԺ նախագահին առնչվող գործերի հետ կապված գնահատականներից զերծ կմնա, որ դա որևէ կերպ չընկալվի որպես ԲԴԽ-ից ճնշում դատավորների վրա: ԱԺ նախագահն էլ արձագանքեց. «Ցավոք սրտի, երևի իմ խաչը ծանր է։ Հայաստանում գրեթե թեմա չկա, որի հետ ես կապ չունեմ: Բայց հասկանում եմ, որ Դուք չեք կարող պատասխանել՝ Ձեր իսկ կողմից նշված պատճառով»:
Այնուամենայնիվ Կարեն Անդրեասյանը տեսական վերլուծություն արեց. «Դատավորն ունի հայեցողության շրջանակ, ընդ որում, այդ հայեցողության շրջանակն իրեն տվել եք դուք՝ օրենսդիրը: Ամեն անգամ դատարանն ինքն է որոշում, թե տվյալ դեպքում խոսքի ազատությունը չարաշահող սուբյեկտը, իր ֆինանսական վիճակից ելնելով, ինչ պատասխանատվության պետք է ենթարկվի: Կարելի է այդ ներքին շեմի որոշակի հստակեցումներ տալ օրենսդրությամբ, որը կօգնի դատարանին ավելի ճիշտ կողմնորոշվել իր հայեցողության շրջանակում»:
Ըստ ԲԴԽ նախագահի՝ դա կարող է անել նաև Վճռաբեկ դատարանը: Անդրեասյանը վստահեցրեց, որ ինքը, ԲԴԽ-ն պատրաստ են հանդիպել ԱԺ բոլոր խմբակցությունների հետ՝ քննարկելու այդ հարցեր: Նա նկատեց՝ ԱԺ դահլիճում անընդհատ հնչում են հարցեր, դժգոհություններ, մտահոգություններ՝ կապված դատական համակարգի հետ:
«Այո, դատական համակարգից, բնական է, կա դժգոհություն, կա դժգոհություն ոչ միայն իմ, այլ նաև մեր բազմաթիվ քաղաքացիների կողմից»,-արձագանքեց Ալեն Սիմոնյանը:
ԱԺ նախագահը կրկնեց Արդարադատության նախարարի այն միտքը, որ այն բոլոր դեպքերում, երբ դատավորների գործողությունների հետ կապված կան մտահոգություններ, կա նաև հնարավորություն՝ քննարկման դնել այդ գործողությունը: Ալեն Սիմոնյանն ընդգծեց, որ քաղաքացիները պետք է այդ հնարավորությունից օգտվեն:
«Դատավորները նույնպես պետք է իմանան, որ իրենց որևիցե որոշում՝ անկախ նրանից, թե դա ում է վերաբերում, չի անտեսվելու, մեր քաղաքացիներն այդ որոշումների հետևից գնալու են»,-նշեց Սիմոնյանը: