«Մանթաշյանց» գործարարների միությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է․
«Վերջերս հակակոռուպցիոն բնույթի չարաշահումների գործով կալանավորվել են մի շարք տնտեսության ոլորտում գործող անձինք, այդ թվում տեխնոլոգիական ոլորտի ամենամեծ ընկերություններից մեկի ղեկավարը, մի շարք աշխատակիցներ, Էկոնոմիկայի նախարարության աշխատակիցներ և այլն:
Մանթաշյանց գործարարների միությունը, որպես հայկական ամենամեծ գործարար միություն՝ միանշանակ օրենքի բացարձակ գերակայության կողմնակիցն է, սակայն համաչափության սկզբունքը պահպանելը նույնպես շատ կարևոր է:
Մանթաշյանց գործարարների միությունը դատապարտում է տնտեսության ոլորտում գործող անձանց նկատմամբ նման խիստ մոտեցումը, որի ընթացքում հաշվի չի առնվում ոչ նախկին գործունեությունը, ոչ ընտանեկան կարգավիճակը, ոչ տարիքը, ինչպես նաև տնտեսական գործունեության ոլորտում գործունեության կարևորությունը: Գործարար ոլորտի հետ կապ ունեցող մարդիկ են մեր տնտեսության հիմքը, հարկեր ստեղծողները և իրենց ամեն օրը անազատության մեջ կարող է բացասական հետևանքներ ունենալ ընկերությունների՝ հետևաբար նաև տնտեսության վրա:
Մանթաշյանց գործարարների միությունը միշտ ջատագովն է եղել բիզնես օմբուդսմենի ստեղծման գաղափարին, որպեսզի մարդու իրավունքների տեսանկյունից գործարարներին առանձնահատուկ ուշադրություն դարձվի՝ տնտեսության վրա բացասական արդյունքները հնարավորինս մինիմալացվեն՝ տնտեսական ոլորտում գործունեությունն ավելի գրավիչ ու անվտանգ դարձնելու համար:
Այս վերջին դեպքերը նույնպես գալիս են մեզ ապացուցելու, որ բիզնես օմբուդսմենը անհրաժեշտ ինստիտուտ է ՀՀ տնտեսական անվտանգության համար»: