«Մայր Հայաստանը» ավագանու իր անդամներին մանդատից զրկելու հարցը կվիճարկի դատարանում

«Մայր Հայաստան» խմբակցությունը պատրաստվում է դատական կարգով վիճարկել իր անդամներին Երևանի ավագանու մանդատներից զրկելու հարցը։ Այս մասին «Մայր Հայաստանը» հայտարարություն է տարածել։

«Մայր Հայաստանը» գրում է, որ այդ որոշումը կայացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, դրան կից խմբակցության՝ «Հանրապետության» և «Հանրային ձայնի» 2 անդամի համատեղ գործողություններով:
«Ակնհայտ է, որ գործ ունենք կուլիսային և ապօրինի գործընթացների հետ: Առկա է նաև «Մայր Հայաստանի» դեմ քաղաքական հետապնդման բացահայտ դրսևորում: «Մայր Հայաստանը» դատապարտում է ավագանու անդամներին մանդատներից զրկելու քստմնելի, ոչ լեգիտիմ ու հակաժողովրդավարական որոշումը և այն վիճարկելու է դատական կարգով»,– ասված է հայտարարության մեջ։

Քաղաքական ուժը վստահ է` որոշումն ակնհայտորեն կայացվել է Երևանի քաղաքային տրանսպորտի թանկացմանն ընդառաջ։ Նշվում է, որ պայքարելու են քաղաքային տրանսպորտի և մյուս ծառայությունների գների բարձրացման դեմ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի ավագանու արտահերթ նիստում որոշվել է «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամներ Սոնա Աղեկյանին, Նարինե Հայրապետյանին և «Ազգային առաջընթաց» խմբակցությունից Հայկ Մարությանին զրկել Երևանի ավագանու անդամակցությունից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել