Հայաստանի նոր Սահմանադրության ընդունման վերաբերյալ որոշում կարող է կայացնել ՀՀ ժողովուրդը` իր ազատ կամարտահայտմամբ, ուրիշ տարբերակ չկա : Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրում կա մի համաձայնեցված հոդված, ըստ որի՝ կողմերը չեն կարող հղում անել իրենց օրենսդրությանը` այս պայմանագրով ստանձնած որևէ պարտավորություն չկատարելու համար։
«ՀՀ նոր Սահմանադրության ընդունման վերաբերյալ որոշում կարող է կայացնել ՀՀ ժողովուրդն իր ազատ կամարտահայտմամբ, ուրիշ տարբերակ չկա»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ նոր Սահմանադրությունը բացարձակ խաղաղության պայմանագրի մասին չէ և չի կարող լինել։
Նրա խոսքով՝ Սահմանադրությունը, լինելով ֆունդամենտալ փաստաթուղթ, առաջին հերթին ներքին կյանքի կազմակերպման համար է, բայց ցանկացած երկրի Սահմանադրություն կարգավորում է նաև արտաքին հարաբերությունները:
Վարչապետը կարևորեց, որ ՀՀ-ն պետք է արտաքին աշխարհի հետ իր հարաբերությունների մասին մտածի նոր պայմաններում: «Աշխարհում ոչ մի բան այլևս այն չէ, ինչ եղել է գործող Սահմանադրության ընդունման պայմաններում, ոչ մի արտաքին հարաբերություն այն չէ»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ սա միայն Հայաստանի մասին չէ: