«Արտակ Գալստյանին զրպարտել են Վարդան Ղուկասյանի ցուցումով». Վահան Ավագյան

Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար, «Հանրային ձայն» կուսակցության փոխնախագահ Վահան Ավագյանը հայտարարել է, որ իրենք կուսակցությունից դուրս չեն եկել, նաև մանրամասներ է հայտնել կուսակցության ներսում տեղի ունեցող խմորումներից։ Նա նշեց, որ հայտնի հայտարարությունն արվել է կուսակցության նախագահ, այս պահին քաղբանտարկյալ Արտակ Գալստյանի հետ համաձայնեցված, նպատակը՝ կուսակցության ներսում դավաճանների բացահայտումն էր։

«Այնպես որ, «Հանրային ձայն» ֆրակցիան իր կուսակցության հետ է և նույն գաղափարների կրողը։ Ինչ վերաբերվում է այսօրվա նիստին, նշեմ շարժառիթը. Վարդան Ղուկասյանը ի սկզբանե մասնակից է եղել «Հանրային ձայն» կուսակցության հետ դեռ մեկ տարի առաջ սկսված գործընթացներին, Արտակ Գալստյանի ու նրա ընտանիքի կալանավորմանը․ այս պահին նշեմ միայն, որ Արտակ Գալստյանին զրպարտել են Վարդան Ղուկասյանի ցուցումով, նրա երկու քույրերը և ՌԴ-ից նրա կողմից Արտակի մոտ ուղարկված երկու անձ, ուրիշ ոչ ոք։

Այս պահին Գալստյանի մոտ առկա է Վարդան Ղուկասյանի ու նրա մոր՝ Սուսաննա Ղազարյանի նամակագրությունը, որտեղ վերջիններս հստակ ցուցում են տալիս վերը նշված անձանց՝ զրպարտել Գալստյանին ու նրա ընտանիքի անդամներին։

Վարդան Ղուկասյանի նպատակը մեկն էր՝ մեկուսացնել Գալստյանին և իրականացնել կուսակցության վաճառք, այսպես կոչված, ղարաբաղյան կլանի երկրորդ էշելոնին։ Անձանց անունը այս պահին չեմ նշի, միայն կասեմ, որ հիմնական շահառուն, ըստ մեր տվյալների, «Համահայկական ճակատն» է։

Բայց սա դեռ ամբողջը չէ․ Վարդան Ղուկասյանը, հստակ գիտակցելով, որ Արտակ Գալստյանի դեմ հենց ինքն է կեղծ ցուցմունքների հեղինակը, գործարք է առաջարկել իշխանությանը՝ պահեք Գալստյանին կալանքի տակ, և «Հանրային ձայն»–ը կանի ձեր ցանկացածը։

Բայց անմեղ մարդուն հավերժ չես կարող պահել կալանքի տակ։

Առաջին հիստերիան Վարդան Ղուկասյանի մոտ առաջացավ, երբ թողեցին Արտակ Գալստյանի կնոջը։

Այժմ Արտակ Գալստյանի գործը դատարանում է, և հանգուցալուծումը մոտ է։

Այժմ Վարդան Ղուկասյանը համարում է, որ եթե իշխանությունը չի կատարում իր պահանջը և կալանքի տակ չի պահում Գալստյանին, ինքը բոյկոտ է հայտարարում։

Ինչու՞ այսքան մանրացա, որ հասարակությանը պարզ լինի, որ Վարդան Ղուկասյանի այս շոուն ի շահ ժողովրդի չէ, նպատակը մեկն է՝ Գալստյանին պահել կալանքի տակ, մանիպուլյացիայի ենթարկել հասարակությանը, որ իբր ինքն իրենից լուրջ ուժ է ներկայացնում, և վաճառել այդ քաղաքական կապիտալը։

Արտակ Գալստյանը մեր ընկերն է, և ոչ ոք չի կարող մեր միջոցով նրան վնասել։ Ձայները ստացել է կուսակցությունը, որի լավագույն ապացույցն այն է, որ Վարդան Ղուկասյանի կոչից հետո կուսակցությունից դուրս է եկել ընդամենը ութ հոգի, իսկ նրա հրավիրած համագումարին եղել էր 232 անձ, որից միայն 18–ը՝ կուսակցական։

Բացի այդ, ավագանին քաղաքական միավոր է, մենք ոչ մեկի սեփականությունը չենք, գործում ենք մեր նախընտրական ծրագրի ու կուսակցության գաղափարախոսության շրջանակներում, իսկ մեր գաղափարախոսության մեջ չի մտնում շանտաժը կամ Արտակ Գալստյանին կալանքի տակ չպահելու դեպքում բոյկոտը․ դա, մեղմ ասած, ստորություն է, որտեղ մենք չկանք ու դեմ ենք։

Հիմա՝ մեր դիրքորոշումը։ Կա օրենք, որն, ի դեպ, ընդունվել է դեռևս նախկին իշխանության օրոք․ անհարգալից բացակայությունը հանգեցնում է տվյալ անձի՝ մանդատից զրկմանը։ Նույն օրենքը գործել և գործում է նաև ԱԺ-ում։ Թող մարդիկ հիմնավորեն, որ բացակայությունները հարգելի են, մենք դեմ կքվեարկենք։ Ավագանին տվյալ դեպքում արձանագրող մարմին է՝ հարգելի՞ է բացասական, թե՞ ոչ։ Այսօր այսքանը։ Մնացածը՝ ասուլիսով»,- ասել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել