ԿԿՀ-ն առաջարկել է հակակոռուպցիոն կրթությունը ներդնել տարբեր առարկաների շրջանակներում՝ սկսած 2-րդ դասարանից

Ազդարարումը կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայի դեմ պայքարի գործում մեծ տեղ ունի․ այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում նշեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի Կրթական, հանրային իրազեկվածության ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետ Աննա Մանուկյանը։ 

Հանրության մի մասի մոտ կա մոտեցում, թե նման դեպքերի մասին հայտնելը «գործ տալ է»։ «Այդ «գործ տալ» ասվածը պետք է հանրության շրջանում վերանա, ինձ թվում է դա հենց իրազեկման արշավների պակասից էր։ Իրազեկման արշավները նպատակ ունեն, որ մեր հանրությունը հասկանա՝ դա գործ տալ չէ, եթե խնդիր ենք տեսնում՝ պետք է բարձրաձայնենք»,-ասաց Աննա Մանուկյանը։

ԿԿՀ Կրթական, հանրային իրազեկվածության ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետի խոսքով՝ երեխաների շրջանում հակակոռուպցիոն կրթության իրականացումը պետք է կատարվի տարիքային առանձնահատկություններից ելնելով։

«Ինչ վերաբերում է, թե երեխան ծնողի վերաբերյալ «գործ տա», բնականաբար՝ ոչ։ Երեխան ծնողին կասի, օրինակ՝ այ դա լավ չէ, մեզ դպրոցում սովորեցրել են, որ այսպես պետք է անել։ Շատ անգամ ինքս տեսել եմ, որ կարմիր լույսի տակ ծնողը երեխային ասում է՝ վազի։ Հիմա եթե մենք դպրոցում սովորեցնում ենք երեխային, որ այդպես չի կարելի, պետք է հետևել երթևեկության կանոններին, իսկ ծնողն ասում է՝ ուշանում ենք, անցնենք, բախում է տեղի ունենում։ Ստացվում է, որ իրենց ուրիշ բան ենք սովորեցնում, տանն ուրիշ բան են ասում։ Մենք այն ձևով ենք պատկերացնում, որ ոչ թե պետք է երեխան «գործ տա», այլ այդ թեման քննարկի ծնողնի հետ, որ՝ «մայրիկ, իմ ընկարների կողմից դա լավ չի դիտարկվի»»,-նշեց նա։

Աննա Մանուկյանը նշում է նաև, որ դպրոցականները շատ բաց են նման թեմաների համար։

«Մենք իրականացնում ենք «Դարձիր փոփոխության առաջնորդ» կրթական ծրագիրը և իրենք վերջում ասում են՝ այո, մենք կդառնանք փոփոխության առաջնորդը, մենք դա կանենք, մենք դա կարող ենք։ Երեխաների հետ հանդիպումներում չկա որևէ մեկը, որ ասի՝ ոչ, մենք ոչինչ չենք փոխի, իսկ մեծահասկաների մոտ դա բազմիցս լսել ենք։ Երեխաները պատրաստ են սովորելու, տարանջատելու կոռուպցիոն դրսևորումները ոչ կոռուպցիոն դրսևորումներից։ Իրենք շատ լավ գիտակցում, տեսնում են իրենց դերը կոռուպցիայի դեմ պայքարում»,-մանրամասնեց նա։

ԿԿՀ կրթության փորձագետ Լիլիթ Մաթևոսյանը նշել է, որ հանձնաժողովն առաջարկել է հակակոռուպցիոն կրթությունը ներդնել տարբեր առարկաների շրջանակներում՝ սկսած 2-րդ դասարանի «Ես և շրջակա աշխարհը» առարկայից մինչև 12-րդ դասարան՝ «Հասարակագիտություն»․ «Յուրաքանչյուր առարկայի շրջանակում կներդրվեն հենց իր բովանդակությանը համապատասխան նյութեր»։

Նա նշել է նաև, որ մշակվել է կոռուպցիայի վերաբերյալ հանրային կարծիքի պարբերական ուսումնասիրության մեթոդոլոգիան։ Այդպիսի ուսումնասիրություններ նախկինում իրականացվել են, Համաշխարհային բանկը հայտնել է, որ հարցաշարն ամբողջությամբ կարող է տրամադրել ԿԿՀ-ին։ Հանձնաժողովը պատրաստվում է կիրառել այդ հարցաշարը, մեթոդոլոգիան, սակայն եթե չստացվի, նրանք կարող են փոխել այն։

Հավելենք, որ Haytnir.am ազդարարման առցանց հարթակի միջոցով քաղաքացիները կարող են բացահայտ ու անանուն հայտնել իրենց հայտնի կոռուպցիոն և այլ դեպքերի մասին։

Հայտ կարող է ներկայացնել յուրաքանչյուր անձ, այդ թվում` պետական և տեղական ինքնակառավարման, մասնավոր ընկերությունների և ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչները։

Հայտ կարող եք ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքում հանդիպած ցանկացած կոռուպցիոն ռիսկի, կոռուպցիոն բնույթի դեպքի, հանրային ծառայողի կողմից շահերի բախման կամ վարքագծի կանոնի կամ անհամատեղելիության պահանջի կամ այլ սահմանափակման կամ հայտարարագրման հետ կապված առերևույթ խախտման կամ այլ առերևույթ իրավախախտումների վերաբերալ, կամ ունեք վերը նշված ցանկացած դեպքի վերաբերյալ տեղեկատվություն։

Հայտ ներկայացնելն անվճար է։

Չենք մոռանում, որ ազդարարները «գործ տվողներ» չեն, նրանք պարկեշտ և իրավունքը հարգող քաղաքացիներն են։


Հավելենք, նաև որ հրապարակումը պատրաստվել է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության (ԻՀԱ) «Ազդարարման բազմակողմանի խթանում Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Բաց Կառավարման Գործընկերության (ԲԿԳ) աջակցությամբ՝ Եվրոպական Միության (ԵՄ) կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն հանուն բարեվարքության՝ Արևելյան գործընկերության համար» ծրագրի շրջանակներում։

Սույն հրապարակմամբ արտահայտված է հեղինակի՝  ԻՀԱ դիրքորոշումը, որի համընկնումը ԲԿԳ և ԵՄ դիրքորոշման հետ պարտադիր չէ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել