Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջադրել է Արթուր Աթաբեկյանի, Արման Օհանյանի և Գուրգեն Մալխասյանի թեկնածությունները:
Արթուր Աթաբեկյանը 2012 թվականի հոկտեմբերի 18-ին նշանակվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, 2018 թվականի օգոստոսի 10-ի հրամանագրով՝ Սնանկության դատարանի դատավոր:
2022թ. հունվարի 13-ին նշանակվել է սնանկության դատարանի նախագահ` երեք տարի ժամկետով: 2023 թվականի ապրիլի 7-ին ՀՀ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ:
Արման Օհանյանը 2016 թվականի հուլիսի 14-ին նշանակվել է ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր, 2019 թվականի փետրվարի 12-ի հրամանագրով նշանակվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
2022թ. նոյեմբերի 14-ին նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Գուրգեն Մալխասյանն ունի շուրջ 30 տարվա մասնագիտական ստաժ, «Մալխասյանց փաստաբանական կենտրոն» ՍՊԸ-ի փոխտնօրենն է, 2023 թվականից Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է:
Ամիսներ առաջ նա առաջադրվել է նշված պաշտոնի համար, սակայն ԱԺ-ն նրան չի ընտրել։