«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է Ֆրանսիայի Սենատի բանաձևը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարությամբ ողջունել է  Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարության մեջ նշված է. «Ինչպես հայտնի դարձավ, Ֆրանսիայի Սենատը 336 կողմ և մեկ դեմ ձայնով ընդունել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու բանաձև։ Այն մասնավորապես վերաբերվում է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտելուն և Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիայի հետագա փորձերը և տարածքային ամբողջականությունը խախտելը կանխելուն։

Սակայն բանաձևն իր բովանդակությամբ շատ ավելի ընգրկուն է և շոշափում է այնպիսի առանցքային հարցեր, ինչպիսիք են Լեռնային Ղարաբաղի հայության երաշխավորված անվտանգությամբ և բարեկեցությամբ վերադարձի ապահովման պահանջը, ադրբեջանական զորքերի շուտափույթ դուրսբերումը Հայաստանի ինքնիշխան տարածքից, Լեռնային Ղարաբաղի առաջնորդների կամայական ձերբակալությունները, Ադրբեջանի հեռացման անհրաժեշտությունը Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության միջկառավարական կոմիտեից, ՅՈՒՆԵՍԿՕ-ում փորձագետների միջազգային խմբի գործուղումը Լեռնային Ղարաբաղ՝ մշակութային և կրոնական ժառանգության վիճակի վերաբերյալ տեղեկատվական զեկույց պատրաստելու համար, և որ առավել առարկայական է՝ բանաձևը կարևորում է ամենախիստ միջոցների ձեռնարկումը, այդ թվում՝ Ադրբեջանի ղեկավարների ակտիվների առգրավումը և Ադրբեջանից գազի և նավթի ներմուծման էմբարգոն՝ Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական ագրեսիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու համար:

Այս բանաձևն իր ընդհանուր բովանդակությամբ գրեթե ամբողջությամբ արտացոլում է այն ամենը, ինչի մասին «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունն իր ստեղծման օրից ահազանգել է։ Ուստի, մենք ողջունում ենք Ֆրանսիայի Սենատի առաջընթաց քայլը։

Սակայն կարիք կա արձանագրելու նաև, որ բանաձևում նշված չէ Ադրբեջանի կողմից իրագործված հանցանքների պատմական շարունակականությունը. մասնավորապես, անհրաժեշտ է շեշտել, որ Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտմանը նախորդել էր ավելի քան կես միլիոն գարդմանահայության, շիրվանահայության, նախիջևանահայության բռնի տեղահանումը՝ Սումգայիթի, Բաքվի, Գանձակի, Խանլարի, Մինգեչաուրի և այլ հայահոծ բնակավայրերի ջարդերի, թալանի, բռնությունների ուղեկցությամբ։ Մենք լիահույս ենք, որ միջազգային հանրության համատեղ առարկայական ջանքերով հնարավոր կլինի հասնել ադրբեջանական հանցավոր վարչակարգի կողմից տուժած մեր բոլոր հայրենակիցների բնական և անօտարելի իրավունքների վերականգնմանը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել