Անձը դատվածություն ունեցող է համարվում մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից մինչև դատվածությունը մարվելու կամ հանվելու պահը:
Դատվածությունը մարվում է՝
1) պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում՝ փորձաշրջանն անցնելուց հետո.
2) ազատազրկումից ավելի մեղմ պատժի դատապարտված անձանց նկատմամբ՝ նշանակված պատիժը կրելուց մեկ տարի անցնելուց հետո.
3) ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործության համար ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ՝ պատիժը կրելուց երեք տարի անցնելուց հետո.
4) ծանր հանցագործության համար ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ՝ պատիժը կրելուց հինգ տարի անցնելուց հետո.
5) առանձնապես ծանր հանցագործության համար ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ՝ պատիժը կրելուց ութ տարի անցնելուց հետո:
Եթե անձն օրենքով սահմանված կարգով պայմանական վաղաժամկետ ազատվել է պատիժը կրելուց, կամ պատժի չկրած մասը փոխարինվել է ավելի մեղմ պատժով, ապա դատվածությունը մարելու ժամկետը հաշվարկվում է հիմնական պատիժը և լրացուցիչ պատիժը կրելուց ազատելու պահից:
Եթե անձը մինչև դատվածությունը մարվելը նոր հանցանք է կատարում, ապա դատվածության մարման ժամկետն ընդհատվում է: Առաջին հանցագործության համար դատվածությունը մարվելու ժամկետը հաշվարկվում է վերստին՝ վերջին հանցագործության համար պատիժը (հիմնական և լրացուցիչ) փաստորեն կրելուց հետո: Այդ դեպքում անձը երկու հանցագործությունների համար էլ դատված է համարվում մինչև դրանցից առավել ծանր հանցագործության համար դատվածությունը մարվելու ժամկետը լրանալը:
Դատվածությունը հանելը կամ մարելը վերացնում է դատվածության հետ կապված իրավական բոլոր հետևանքները: