Հայաստանում կարող է վերացվել պատվավոր կոչումների շնորհումը

Գործող օրենսդրությամբ սահմանված են 17 պատվավոր կոչումներ, որոնք, ըստ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանի, մեծամասամբ ժամանակավրեպ են: Գործադիրն առաջարկում է վերանայել շնորհվող պատվավոր կոչումների շրջանակը: Փոխնախարարի խոսքով այդ կոչումները բացասաբար են անդրադառնում առանձին մասնագիտական ոլորտներում առողջ մրցակցության, արժանիքահեն առաջընթացի, բարոյահոգեբանական մթնոլորտի վրա:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է «ՀՀ պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը:

Արմենուհի Հարությունյանի տեղեկացմամբ առաջադեմ երկրների փորձը եւս ցույց է տալիս, որ պատվավոր կոչումների ինստիտուտ առկա չէ, եւ որոշակի մասնագետների խրախուսումը չափելի ու կոնկրետ ադյունքների վրա է հիմնված: Նրա գնահատմամբ առավել նպատակահարմար է անհատին խրախուսել եւ աշխատանքի գնահատական տալ այն հիմքով, որ մասնակցում է ոլորտային մրցանակաբաշխությունների, ներկայացնում աշխատանքի արդյունքը: «Դա է գնահատվում, ոչ թե իրեն տրվում է որոշակի տիտղոս, որը մինչեւ կյանքի վերջ կրում է»,- ասել է փոխնախարարը:

Նշվել է, որ փաթեթը մշակվել է ոլորտային իրավասու բոլոր մարմինների մասնակցությամբ: Կառավարության ներկայացուցիչն առաջարկել է ընթացքում եւս ոլորտային օրենսդրությունում որոշակի փոփոխություն կատարել, որը հնարավորություն կտա մասնագիտական աճն ապահովելով անհատական կարգով մարդկանց խրախուսելու ավելի ժամանակակից միջոցներ կիրառել:

Պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցերին ի պատասխան՝ փոխնախարարը տեղեկացրել է, որ նախկինում տրված կոչումները շարունակելու են գործել: Նշվել է, որ մնացել է միայն «վաստակավոր կոլեկտիվ» կոչումը, քանի որ միակն է, որը ոչ թե անհատին է տրվում, այլ՝ կոլեկտիվին:

«Ժողովրդականությունը եւ վաստակավոր լինելը հայեցողական է, գնահատողական, ինչը սուբյեկտիվ է, չի կարող անաչառ նախանշել, թե այս փուլում ով է ժողովրդական եւ ինչքանով է ժողովրդական»,- նշել է Արմենուհի Հարությունյանը եւ հավելել, որ դրանով պայմանավորված էլ Կառավարությունը կոչումներից հրաժարվելու քաղաքականություն է մշակել: Նշվել է, որ կոչումներ շնորհելը Խորհրդային Միության օրենսդրությամբ սահմանված նորմ է, որը ժամանակավրեպ է:

Պատգամավոր Արփինե Դավոյանը հարակից զեկույցում կարեւորել է այն հանգամանքը, որ նախաձեռնությամբ շեշտը դրվել է թիմային, ոչ թե անհատական գործունեության վրա: Ըստ նրա՝ տաղանդավոր եւ հանրության սերը վայելող մարդիկ միշտ էլ գնահատվելու են՝ անկախ կոչումներից: Նա առաջարկել է կողմ քվեարկել եւ շարունակել օրենքի լավարկման գործընթացը:

Պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշել է, որ նախագիծն այս տեսքով մերժելի է: Նա կարծիք է հայտնել, որ հասարակությունը չի գնահատում տաղանդներին կոչումների համար, բայց հասարակությունը նաեւ հետեւում է, թե պետությունը որ տեսակին է խրախուսում եւ ինչի համար: Անհատական գործունեության մասին խոսելով՝ պատգամավորը հավելել է. «Մհեր Մկրտչյանի անհատական տաղանդն ի՞նչ կոլեկտիվ արգասիքի արդյունք պետք է լիներ: Անհատական է այդ մարդու տաղանդը»: Նրա համոզմամբ կոլեկտիվ արդյունքի մասին կարելի է խոսել համույթների պարագայում:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը պատգամավորների մտահոգություններին ի պատասխան՝ տեղեկացրել է, որ հարցի առնչությամբ քննարկումներ եղել են ԱԺ համապատասխան հանձնաժողովի, նախարարությունների, Կառավարության եւ Հանրապետության նախագահի աշխատակազմերի հետ: Նրա գնահատմամբ այս լուծմամբ կոլեկտիվները հնարավորություն կունենան ստանալու համապատասխան կոչումներ եւ դրան զուգահեռ հնարավոր կլինի խուսափել սուբյեկտիվիզմից եւ ոչ առողջ մթնոլորտից, որոնք ձեւավորվում են այս կամ այն համույթում՝ կապված այս կամ այն ստեղծագործողին կոչում տալու կամ չտալու հետ:

Հակադարձելով որոշ տեսակետների՝ հանձնաժողովի նախագահը նշել է. «Գալյա Նովենցը ստեղծագործական աշխատանքն իրականացրել է Սովետական Միության տարիներին, սակայն վաստակավոր արտիստի կոչում ստացել է 2003 թվականին, իսկ ժողովրդական արտիստի կոչում՝ 2007 թվականին: Խորհրդային Հայաստանի ժամանակահատվածում ինչո՞ւ վերջինիս վաստակը չի գնահատվել: Սուբյեկտիվիզմն այստեղ զգալի է»: Նա հավելել է, որ կոչումների շնորհումը խորհրդային համակարգի հայեցակարգի զարգացումն է ու շարունակությունը: Հանձնաժողովի նախագահի գնահատմամբ պետք է ազգային համակարգ ձեւավորել, որն ընդունելի կլինի բոլորի համար:

Եզրափակիչ ելույթում Արմենուհի Հարությունյանը կարծիք է հայտնել, որ ստեղծագործողի ժողովրդականությունը, հանրային ճանաչելիությունն ու հանրային ընկալումը չեն կարող ստուգվել, չափվել, առավել եւս վավերացվել կամ մերժվել պետության կամ իրավասու որեւէ պետական մարմնի կողմից:

Քվեարկության արդյունքում օրենսդրական փաթեթն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել