Ո՞ր դեպքերում պետական մարմինները կարող են փոխադարձ օգնություն ցույց չտալ միմյանց

Վարչական մարմինները պարտավոր են փոխադարձ օգնություն (այսուհետ` փոխօգնություն) տրամադրել միմյանց` իրենց լիազորություններն իրականացնելու համար:

Փոխօգնությունը տրամադրվում է փոխօգնություն հայցող վարչական մարմնի հայտի հիման վրա:

Փոխօգնություն չէ միմյանց նկատմամբ ենթակայության հարաբերությունների մեջ գտնվող վարչական մարմինների միջև օգնությունը:

Հայցվող վարչական մարմինն իրավունք չունի տրամադրելու փոխօգնությունը, եթե`
ա) հայցվող վարչական մարմնի համար ակնհայտ է փոխօգնության կարգով ձեռնարկվելիք միջոցների ոչ իրավաչափ լինելը.
բ) փոխօգնություն տրամադրելու համար անհրաժեշտ գործողությունների կատարումը չի մտնում հայցվող վարչական մարմնի իրավասության մեջ.
գ) փոխօգնություն տրամադրելու համար անհրաժեշտ փաստաթղթերը (տվյալները, տեղեկությունները) դասվում են օրենքով պահպանվող գաղտնիքների շարքին, և հայցող վարչական մարմնին դրանց տրամադրելը` նույնիսկ տրամադրման գաղտնիությունն ապահովող եղանակով, արգելվում է օրենքով:

Հայցվող վարչական մարմինն իրավունք ունի չտրամադրելու փոխօգնությունը, եթե`

ա) որևէ այլ վարչական մարմին, քան ինքն է, փոխօգնությունը կարող է տրամադրել էապես ավելի նվազ ջանքերի գործադրմամբ.
բ) փոխօգնություն տրամադրելու համար պետք է գործադրի դրան ոչ համարժեք ջանքեր.
գ) փոխօգնության տրամադրումը կարող է էապես խոչընդոտել սեփական լիազորությունների իրականացմանը:

Վերը նշվածից տարբերվող դեպքերում հայցվող վարչական մարմինը փոխօգնության տրամադրումը չի կարող մերժել:

Եթե հայցվող վարչական մարմինը նախատեսված որևէ հիմքով մերժում է փոխօգնության տրամադրումը, ապա նա այդ մասին պարտավոր է եռօրյա ժամկետում տեղեկացնել փոխօգնություն հայցած վարչական մարմին, որը մերժումը կարող է վիճարկել հայցվող վարչական մարմնի վերադաս վարչական մարմնում:

Վերադաս վարչական մարմինը սեղմ ժամկետում վերջնական որոշում է ընդունում փոխօգնությունը մերժելու վերաբերյալ վեճով: Վերադաս վարչական մարմինը, մերժումն անհիմն ճանաչելու դեպքում, հայցվող վարչական մարմնին հանձնարարում է անհապաղ տրամադրել փոխօգնությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել