Պաշտոնյան մեղադրվում է 49,5 հազար ԱՄՆ դոլար կաշառք ստանալու համար․ Հակակոռուպցիոն կոմիտե

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով կատարված նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Արմավիրի մարզի համայնքապետարաններից մեկի պաշտոնատար անձը, իր իշխանական և ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով Ռ. Ս.-ի օգտին գործողություն կատարելու, այն է՝ տվյալ համայնքին պատկանող 22 հա մակերեսով հողամասն առանց խոչընդոտների և ձգձգումների աճուրդային եղանակով վերջինիս օտարելու համար, 2023 թվականի հուլիսից օգոստոսն ընկած ժամանակահատվածում, պետական վճարումներից բացի պահանջել է առանձնապես խոշոր չափերով՝ 16202760 ՀՀ դրամին համարժեք 42.000 ԱՄՆ դոլար կաշառք: Ռ. Ս.-ն, սակայն, սակարկել է  և խոստացել պաշտոնատար անձին տալ 17.000 ԱՄՆ դոլար:

Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։

Բացի այդ, համայնքապետարանի հիշյալ պաշտոնատար անձը մեկ այլ քաղաքացու՝ Ս. Վ.-ի օգտին գործողություն կատարելու, այն է՝ տվյալ համայնքին պատկանող 5 հա մակերեսով հողամասն առանց խոչընդոտների և ձգձգումների աճուրդային եղանակով վերջինիս օտարելու համար, վերը նշված նույն ժամանակահատվածում Կ. Բ.-ի  օժանդակությամբ Ս. Վ.-ից պահանջել է 2.893.350 ՀՀ դրամին համարժեք 7.500 ԱՄՆ դոլար կաշառք, որից 3.500 ԱՄՆ դոլար գումարը 2023 թվականի սեպտեմբերի 7-ին ստացել է։

Խոշոր և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:

Կ. Բ.-ին, Ռ. Ս.-ին և Ս. Վ.-ին էլ մեղադրանքներ են առաջադրվել պաշտոնատար անձին  կաշառք տալու և կաշառք ստանալուն օժանդակելու համար:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է:  Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:

Ծանուցում.  հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել