Երևանի կենտրոնում կոյուղաջրերը լցվում են շենքի գրասենյակային տարածքներ, «Վեոլիա ջուրը» անգործություն է ցուցաբերում

Այսօր՝ հունվարի 4-ի վաղ առավոտյան վթար է տեղի ունեցել Նալբանդյան 7 հասցեում։ Կոյուղաջրերը լցվել են շենքի տարբեր կազմակերպություններին պատկանող գրասենյակային տարածքներ, որոոնք գտնվում են կիսանկուղային հարկում։ Կազմակերպությունների պատասխանատու ներկայացուցիչները զանգահարել են 1-85 հեռախոսահամարով։ Իրենց պատասխանել են, որ ազատ մեքենա չկա, կազատվի՝ կգան։

Զառա Նազարյան

Iravaban.net-ին ահազանգած կազմակերպությունների պատասխանատու ներկայացուցիչները հայտնեցին, որ շուրջ չորս ժամ է անցել, բայց այդպես էլ որևէ մեքենա դեռ չի ազատվել և «Վեոլիա ջուր» ընկերության որևէ աշխատող չի չմոտեցել նշված հասցեով։

Iravaban.net-ը կապ հաստատեց ընկերության մամուլի խոսնակ Զառա Նազարյանի հետ։

Նա նշեց, որ այսօր աշխատում են և անպայման արձագանքում են նման ահազանգերին։ Ճշտող հարցին, թե ինչու՞ երեք ժամից ավել, որևէ մեկը չի մոտեցել դեպքի վայր, նա ասաց․ «Ես չեմ կարող ասել, ես չեմ ծառայությունում»։

Նա խնդրեց հասցեն փոխանցել, բայց մեկ ժամ անց էլ, դեռ արձագանք չկա։ Իսկ նշված տարածքներում տեղադրված կահույքը, թանկարժեք տեխնիկան փչանում է կոյուղաջրերի մեջ։

Կազմակերպությունների պատասխանատու ներկայացուցիչները  Iravaban.net-ին հայտնեցին, որ պատրաստվում են իրավական գործընթացներ նախաձեռնել «Վեոլիա ջուր» ընկերության դեմ` վթարը օպերատիվ կերպով վերացնելու իր ծառայողական պարտավորությունները չկատարելու և ցուցաբերած անգործության համար:

Բացի «Վեոլիա ջրից», կազմակերպության ներկայացուցիչները զանգել են նաև Երևանի քաղաքապետարանի թեժ գիծ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, սակայն որևէ առարկայական արձագանք չեն ստացել։

Մարիաննա Շահինյան

Այս ամենի ֆոնին, «Վեոլիա ջրի» պաշտոնական կայքում ընկերության գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանն իր ուղերձում նշել է․ «Եղեք ակտիվ և նախաձեռնող, հայտնեք ձեր կարծիքը մատուցվող ծառայությունների որակի մասին, իմացեք կողմերի իրավունքներն ու պարտականությունները, կիսվեք ձեր մտահոգություններով ու սպասումներով, ծանոթացեք ընկերության գործունեությանն ու ձեռքբերումներին, նպատակներին ու ծրագրերին»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել