Տեղեկատվական տեխնոլոգիաների կառավարման նոր ՊՈԱԿ կստեղծվի

Պետական եկամուտների կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել ««Տեղեկատվական տեխնոլոգիաների կառավարման» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվում է ստեղծել «Տեղեկատվական տեխնոլոգիաների կառավարման» պետական ոչ առևտրային կազմակերպություն, որը հնարավորություն կընձեռի մասնագիտացված ու պրոֆեսիոնալ կադրերին պահելու և աշխատաշուկայից մրցունակ կադրեր ներգրավելու, կրկնություններից խուսափելու, առկա ռեսուրսները արդյունավետ օգտագործելու համար։

Կսահմանվի, որ կազմակերպության

1) գործունեության նպատակն է պետական մարմիններում տեղեկատվական տեխնոլոգիաների և դրանց առնչվող համակարգերի կառավարման արդյունավետության բարձրացումը և դրա հետ կապված մատուցվող ծառայությունների հասանելիության ընդլայնումը և դյուրացումը:

2) գործունեության առարկան պետական մարմիններում տեղեկատվական տեխնոլոգիաների և դրանց առնչվող համակարգերի կառավարման՝ մշակման, ներդրման և սպասարկման հետ կապված աշխատանքների կատարումը և ծառայությունների մատուցումն է:

Iravaban.net-ը հայտնում է, որ նախագծի հիմնավորման համաձայն՝ պետական կառավարման մարմիններում լրջագույն խնդիր է տեղեկատվական տեխնոլոգիաների ստորաբաժանումներում որակյալ կադրերի ներգրավման գրեթե անհնարինությունը և առկա կադրերի արտահոսքը, ինչը նախևառաջ տեղեկատվական տեխնոլոգիաների մասնավոր հատվածի աշխատաշուկայի համեմատությամբ վարձատրության անհամեմատ ցածր մակարդակի հետևանքն է։ Ինստիտուցիոնալ կարողությունների ներկայիս վիճակը խոչընդոտ է վերը շարադրված մարտահրավերները հաջողությամբ լուծելու հարցում, որպես խնդրի լավագույն լուծում առաջարկվում է ստեղծել, հավաքագրել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի արհեստավարժ թիմ, որն ունակ կլինի իրականացնելու այդ առաքելությունը:

Որոշ դեպքերում պետական կառարավարման կողմից իրականացվող գործառույթները զուգակցվում են՝ հավաքագրվում և մշակվում են նույն տեղեկությունները, կատարվում են նույն տեսակի վերլուծություններ, կազմվում են նույնատիպ հաշվետվություններ։ Սրա հետևանքով վատնվում են ինչպես մարդկային և ժամանակային, այնպես էլ ֆինանսային ռեսուրսներ։

Վերը նշված խնդիրների լուծման նպատակով առաջարկվում է հիմնադրման միջոցով ստեղծել «Տեղեկատվական տեխնոլոգիաների կառավարման» պետական ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ՝ Կազմակերպություն): Սա հնարավորություն կընձեռի մասնագիտացված ու պրոֆեսիոնալ կադրերին պահելու և աշխատաշուկայից մրցունակ կադրեր ներգրավելու, կրկնություններից խուսափելու, առկա ռեսուրսները արդյունավետ օգտագործելու համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել