Iravaban.net-ը հայտնում է, որ դատարանը որոշել է երկարաձգել դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ ընդունված «կալանք» խափանման միջոցը ևս 3 ամսով` մինչև 2024 թվականի մարտի 18-ը։
Դատավոր Վահե Դոլմազյանը որոշել է նաև փորձաքննություն նշանակել` որոշելու համար, թե ինչ հիվանդություններ ունի կալանավորը, ինչպիսին է դրանց բնույթը և արդյոք դրանք համապատասխանում են Կառավարության որոշման մեջ նշված հիվանդությունների ցանկին, որոնց դեպքում անձը չի կարող գտնվել կալանավայրում։
Հիշեցնենք՝ Բարձրագույն դատական խորհուրդը 2022 թվականի հոկտեմբերի 17-ին բավարարել է դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ Գլխավոր դատախազության միջնորդությունները:
Նույն գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև փաստաբան Էրիկ Ալեքսանյանին՝ Քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածով, այն է՝ օժանդակել է պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելուն կամ լիազորություններն անցնելուն։ Այս գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև Արուսյակ Ալեքսանյանի օգնական Թամարա Պետրոսյանին։
Ամբաստանյալներն իրենց առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։