Գիլիոտինը մահապատժի առավել հումանիստական միջո՞ց

Գիլիոտինը հանդիսացել է գլխատման եղանակով մահապատժի իրականացման մեխանիզմ:

Գիլիոտինի՝ գլուխը կտրելու համար նախատեսված հիմնական բաղադրիչը 40-100 կգ ծանրությամբ դանակ է, որը 2-3 մ բարձրությունից ազատ անկում էր կատարում մահապատժի ենթարկվողի վզին:

Գիլիոտինի օգտագործման առաջարկ ներկայացրել է Ֆրանսիայի Ազգային ժողովի անդամ, բժիշկ Ժ. Գիլիոտենը, 1791թ: Այս «մեքենան» նոր հայտնագործություն չէր, այն նախկինում կիրառվել է Շոտլանդիայում և Իռլանդիայում:

Այս ժամանակաշրջանում մահապատժի ավելի խիստ մեթոդներ էին կիրառվում՝ խարույկի վրա այրում, քառատում, կախում: Միայն ազնվականներին ու հարուստ անձանց էին մահապատժի ենթարկում առավել «պատվաբեր» միջոցով՝ գլխատում սրով կամ կացնով:

Համարվում էր, որ գիլիոտինը մահապատժի առավել հումանիստական միջոց է, քան վերը նշվածները, քանի որ մահը վրա էր հասնում ավելի արագ՝ անկախ դահիճի որակավորումից:

Բացի այդ, գիլիոտինը կիրառվում էր հասարակության բոլոր շերտերի անձանց նկատմամբ՝ առանց տարբերակման, ինչը ընդգծում էր օրենքի առջև բոլորի հավասարությունը:

Գիլիոտինը` որպես մահապատժի միջոց, առաջին անգամ կիրառվել է 1792թ. ապրիլի 25-ին:

Մահապատժի է ենթարկվել գող Նիկոլյա Պելլետյեն, իսկ դահիճը Շառլ Անրի Սանսոնն էր: Հանրությունը, որը սովոր էր դիտել արտառոց մահապատիժներ, հիասթափված էր մահապատժի արագությունից:

1793թ. հունվարի 21-ին գիլիոտինի միջոցով մահապատժի է ենթարկվել Լյուդովիկ 16-րդը:

Վերջին անգամ գիլիոտինի միջոցով մահապատիժ կիրառվել է 1977թ., սեպտեմբերի 10-ին, Մարսելում: Մահապատժի ենթարկվողը արաբական ծագում ունեցող Համիդ Ջանդուբին էր: Սա Արևմտյան Եվրոպայում վերջին մահապատիժն էր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել