Նիկոլ Փաշինյանի պատասխանը Գլխավոր դատախազին

1. Ս/թ հոկտեմբերի 1-ին, ԱԺ-ում ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Գեւորգ Կոստանյանի հարցի քննարկման ժամանակ ունեցած ելույթում ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը մեջբերելով չորս փաստ, որոնք վերցված էին ս/թ հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի առիթով հարուցված քրեական գործի նյութերից՝ եզրակացրել էր. «Վերը նշված փաստերի համադրումն ակնհայտ է դարձնում, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած գործը վարող մարմինը՝ զինդատախազ, ներկայումս ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Գեւորգ Կոստանյանի ղեկավարությամբ, ամեն ինչ արել է շրջանցելու, լղոզելու համար բոլոր այն փաստերը, որոնք հնարավորություն կտային լրջորեն հետազոտել մամուլում հնչած այն վարկածը, թե 2013 թվականի հունիսի 1-ին Ավետիք Բուդաղյանին մահացու հրազենային վնասվածքը կարող էր հասցնել Սուրիկ Խաչատրյանը: Ընդ որում, նույն փաստերը կարող էին վկայել, որ գործ ունենք ոչ թե անհրաժեշտ պաշտպանության, ինչպես տեղի ունեցածը որակվել է պարոն Կոստանյանի ղեկավարությամբ, այլ Ավետիք Բուդաղյանին դիտավորությամբ սպանելու հետ»:

2. Սույն ելույթին հաջորդած եզրափակիչ խոսքում Գեւորգ Կոստանյանը կոնկրետ անդրադարձ չկատարելով մեջբերված փաստերից ոչ մեկին՝ հայտարարել էր, թե՝ մասնավորապես այս թեմայի շուրջ պատրաստ է հրապարակային քննարկման, այդ թվում՝ Փաշինյանի հետ:

3. Կոստանյանի եզրափակիչ խոսքից հետո վարման կարգի վերաբերյալ ձայն խնդրելով՝ պատգամավոր Փաշինյանը հենց ԱԺ նիստի ժամանակ հայտարարել էր, թե ընդունում է հարցը հրապարակային քննարկելու (այսինքն՝ բանավիճելու) պարոն Կոստանյանի հրավերը՝ եւ պատրաստակամություն էր հայտնել դա անել ս/թ հոկտեմբերի 15-ից 25-ն ընկած ժամանակահատվածում, ուղիղ եթերում:

4. Գեւորգ Կոստանյանը որեւէ կերպ չէր արձագանքել ԱԺ պատգամավորի կողմից իր հրավերն ընդունելու փաստին:

5. Ս/թ հոկտեմբերի 10-ին Ն. Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում արել էր հետեւյալ գրառումը. «Ի պատասխան լրագրողների եւ քաղաքացիների հարցերի վերահաստատում եմ ուղիղ եթերում բանավեճի իմ պատրաստակամությունը: Եթե պարոն Կոստանյանը փոշմանել է, թող ասի ուղիղ: Իսկ եթե ոչ, թող մեկ շաբաթ առաջ նախապես հայտարարի բանավեճի օրը, տեղը, ժամը»:

6. Ս/թ հոկտեմբերի 14-ի երեկոյան «ՀՀ դատախազության հանրային կապերի վարչությունը» թեմայի շուրջ հաղորդագրություն տարածեց: Հաղորդագրության մեջ ասվում է, որ Գեւորգ Կոստանյանը ԱԺ ամբիոնից «հրապարակային քննարկում» ասելով նկատի է ունեցել իր կաբինետում անցկացվող զրույցները, որոնց «արդյունքների մասին կարող է լինել հանրային իրազեկում զանգվածային լրատվամիջոցներով կամ հանդիպման մասնակիցները այդ մասին կարող են հանդես գալ սեփական հայտարարություններով’այդպիսով հրապարակայնացնելով այդ քննարկումը»:

7. ՀՀ դատախազության հաղորդագրության մեջ ասվում է նաեւ, որ «ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանը, պատրաստ է ընդունել ԱԺ պատգամավոր Ն. Փաշինյանին եւ վերջինիս հետաքրքրող հարցերի շուրջ քննարկում ունենալ նրա հետ»:

8. Ըստ Էդուարդ Աղայանի «Արդի Հայերենի Բացատրական Բառարանի», («Հայաստան» hրատարակչություն՝ Երեւան, 1976թ., էջ 905), «հրապարակային» բառն ունի հետեւյալ իմաստը. «Հասարակության ներկայությամբ կատարվող՝ տեղի ունեցող, բոլոր ցանկացողների համար նախատեսված, բաց»: Այսպիսով՝ ընդունելությունների, զրույցների, խորհրդակցությունների ֆորմատը որեւէ կերպ չի կարող համարվել հրապարակային, քանի դեռ տեղի չի ունենում հասարակության ներկայությամբ եւ բաց չէ բոլոր ցանկացողների համար: Հանրային այսպիսի ներկայություն կարող է ապահովել միայն ուղիղ եթերը:

9. «ՀՀ դատախազության հանրային կապերի վարչության» հաղորդագրության մեջ կաբինետային փակ քննարկման ֆորմատը հիմնավորվում է նաեւ նախաքննության գաղտնիությունը պահպանելու, այլոց իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաեւ անձնական կյանքի անձեռնմխելիությունն ապահովելու անհրաժեշտությամբ: Ս/թ հոկտեմբերի 1-ին ունեցած ելույթում Նիկոլ Փաշինյանը հիշատակել եւ համադրել է փաստեր, որոնք վերցվել են հրապարակայնացված նյութերից: Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցածի վերաբերյալ թե՛ գործի կողմերը, թե՛ ինքը՝ Գեւորգ Կոստանյանը արել են բազմաթիվ հրապարակային հայտարարություններ, բարձրաձայնել մանրամասներ: Տվյալ խնդրի շուրջ Փաշինյան-Կոստանյան հրապարակային բանավեճը չի կարող անցնել մինչ այս հնչած հրապարակային հայտարարությունների շրջանակը: Միեւնույն ժամանակ՝ բանավիճող ցանկացած կողմ կարող է հրաժարվել հրապարակել նախաքննության գաղտնիք հանդիսացող կամ որեւէ մեկի անձնական կյանքի անձեռնմխելիությունը խախտող տեղեկատվություն, եթե կարողանա հիմնավորել, որ տեղեկատվությունը հանդիսանում է հենց այդպիսին:

10. Հոկտեմբերի 1-ի ելույթում հնչած հարցադրումների վերաբերյալ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը չունի անձնական հետաքրքրություն եւ առաջնորդվում է բացառապես օրինականության եւ հանրային անվտանգության շահերով:

11. Փաշինյանը հենվելով վերը շարադրված փաստերի եւ փաստարկների վրա եւս մեկ անգամ հայտարարում է, որ ընդունում է հարցը հրապարակայնորեն քննարկելու Գ. Կոստանյանի՝ հոկտեմբերի 1-ի հրավերը: Եթե պարոն Կոստանյանը սեփական հայտարարությունների իմաստը հասկանալու դժվարություն կամ հանրային քննարկումից խուսափելու լրջագույն պատճառներ չունի, նրան այլ բան չի մնում՝ քան նախապես, առնվազն մեկ շաբաթ առաջ հայտարարել իր իսկ առաջարկած հրապարակային քննարկման օրը, ժամը, հեռուստասեսային ալիքը:

12. Այս համատեքստում հնարավոր կլինի գնահատել, թե ի՞նչ արժեն հանրության առաջ հաշվետու լինելու Գեւորգ Կոստանյանի նախընտրական խոստումները: ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը պատրաստ է ուղիղ եթերում հիմնավորել իր կողմից հնչեցված ցանկացած պնդում, վարկած, արտահայտություն՝ այս եւ ցանկացած այլ թեմայի վերաբերյալ:

ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել