Երեկ՝ նոյեմբերի 11-ին, Իտալիայի Լադիսպոլի քաղաքում կրկեսից առյուծ է փախել և թափառել փողոցներում՝ վախեցնելով մարդկանց։ Քաղաքի քաղաքապետը կոչ էր արել բնակիչներին դուրս չգալ փողոց, քանի դեռ Կիմբա անունով առյուծին չեն բռնել։ Սակայն, տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ որոշ քաղաքացիներ զենքերով դուրս էին եկել իրենց տներից։ Այս մասին փոխանցում է РИА Новости-ն։
Քաղաքապետ Ալեսանդրո Գրանդոն հայտնել է , որ իրենց մոտ 7 ժամ է անհրաժեշտ եղել առյուծին բռնելու համար։
«Առյուծին քնաբեր են տվել ու բռնել, նրան կհանձնեն կրկեսի անձնակազմին»,- գրել է Գրանդոն իր սոցիալական ցանցում։
Նա հույս է հայտնել, որ այս դրվագը կօգնի փոխել վերաբերմունքը կրկեսներում կենդանիների շահագործման նկատմամբ։
Ինչպես հայտնում է il Messaggero թերթը, գիշատիչին կրակել են քնաբեր պարունակող ներարկիչով։ Կրկեսը, որտեղից նա փախել է, գտնվում է առյուծի ճանապարհորդության վերջնակետից 500 մետր հեռավորության վրա։