Հարկ վճարողը, ի թիվս այլ պարտականությունների, պարտավոր է նաև սահմանված ժամկետում հարկային մարմին ներկայացնել հարկային օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները, հաշվարկները, այլ փաստաթղթեր և տեղեկություններ:
Հարկային օրենսդրության տեսանկյունից հարկային մարմին ներկայացվող տեղեկություն է համարվում հարկ վճարողների կողմից իրենց, ինչպես նաև այլ հարկ վճարողների վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով իրենց մոտ առկա կամ պահվող բացառապես հարկերի հաշվարկմանն առնչվող գործարքների, ապրանքների ֆիզիկական ծավալների, դրանց տեղաշարժի, իրացման փաստացի գների, իրենց կողմից և իրենց հաշվին վճարված եկամուտների, պահված հարկերի, գույքի կամ եկամուտների, հարկման նպատակով անհրաժեշտ այլ տվյալների վերաբերյալ տեղեկությունները, որոնք հարկային մարմին են ներկայացվում օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում:
Հարկային մարմին ներկայացվող տեղեկություն է համարվում նաև երրորդ անձի կողմից ներկայացվող տեղեկությունը (այսուհետ` տեղեկություններ):
Երրորդ անձ է համարվում պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինը, առևտրային, ոչ առևտրային կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը, նոտարը, որը հարկային մարմին է ներկայացնում այլ հարկ վճարողի կամ այլ ֆիզիկական անձի գործարքի կամ գործառնության կամ գործունեության վերաբերյալ տեղեկություններ: