Նոտարի նկատմամբ կարգապահական պատասխանատվության հիմքերն են`
1) նոտարական գործողություններ իրականացնելիս օրենքի կամ իրավական այլ ակտի խախտում թույլ տալը.
2) օրենքով չնախատեսված դեպքերում իր նոտարական տարածքից դուրս նոտարական գրասենյակ բացելը:
Նոտարի վավերացրած կամ հաստատած փաստաթուղթն անվավեր ճանաչելը կամ այն դատական կարգով փոփոխելն ինքնին չի առաջացնում այդ փաստաթուղթը վավերացրած կամ հաստատած նոտարի պատասխանատվությունը, եթե դա չի փոփոխվել կամ անվավեր ճանաչվել նոտարական գործողություններ իրականացնելիս նոտարի կողմից թույլ տված օրենքի կամ իրավական այլ ակտի պահանջների խախտման պատճառով:
Նոտարը չի կարող ենթարկվել պատասխանատվության, եթե նրա կատարած նոտարական գործողությունները կամ անվավեր, կամ առ ոչինչ, կամ վիճահարույց են ճանաչվել նրան ներկայացված կեղծ կամ անօրինական այնպիսի համաձայնագրերի, կամ հայտարարությունների, կամ այլ կեղծ փաստաթղթերի պատճառով, որոնց օրինականությունն ու ճշտությունը նոտարը չէր կարող կամ պարտավոր չէր ստուգել, եթե չի ապացուցվում, որ նոտարը գիտեր կամ պարտավոր էր իմանալ, որ ներկայացված համաձայնագրերի, հայտարարությունների կամ այլ փաստաթղթերի բովանդակությունը չի համապատասխանում իրականությանը:
Մինչև կարգապահական վարույթի նյութերն արդարադատության նախարարություն ուղարկելը դրանց հետ իրավունք ունի ծանոթանալ այն նոտարը, ում նկատմամբ վարույթ է հարուցվել: Ընդ որում, նոտարն իրավունք ունի ներկայացնել լրացուցիչ բացատրություններ կամ միջնորդություն հարուցել լրացուցիչ ստուգումներ կատարելու մասին: