Խախտումների, հանցագործությունների մասին ազդարարելը «գործ տալ» չէ, բայց նաև ազդարարը պետք է գործի բարեխղճորեն

Հայաստանում գործում է ազդարարման ինստիտուտը։ Սա նշանակում է, որ այն մարդիկ, ովքեր տեղեկություններ ունեն կոռուպցիոն բնույթի դեպքի կամ շահերի բախման կամ վարքագծի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների կամ հայտարարագրման հետ կապված խախտման կամ հանրային շահերին ուղղված այլ վնասի կամ դրանց սպառնալիքի վերաբերյալ` կապված այն պաշտոնատար անձի, մարմնի, կազմակերպության կամ կազմակերպության աշխատակցի հետ, որոնց հետ նա գտնվում կամ գտնվել է աշխատանքային կամ քաղաքացիաիրավական կամ վարչաիրավական կամ այլ հարաբերությունների մեջ, կամ որին դիմել է ծառայությունների մատուցման նպատակով և հաղորդում է դրա մասին։

Ենթադրյալ հանցագործության, խախտումների մասին ազդարարելը «գործ տալ» չէ։ Սա իրավական գործընթաց է։ 

Հաշվի առնելով ազգային մենթալիտետը, այս երևույթի նկատմամբ մարդիկ հաճախ բացասական կարծիք են ունենում։ Արդեն նշեն ենք, որ անգամ եղել են դեպքեր, երբ օրենսդրական մակարդակում որևէ փոփոխություններ կատարելու քննարկումների ժամանակ նման կարծիք է հայտնել Ազգային ժողովի պատգամավորը՝ նշելով, թե «ազդարարի ինստիտուտը մեզ՝ հայերիս հարիր չէ» և պետք չէ «գործ տալ»։

Iravaban.net-ի հետ զրույցում Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հակակոռուպիցիոն քաղաքակնության խորհրդի անդամ Կարեն Զադոյանն էլ հակադարձում է այս թեզին։ «Ազդարարներն այն անձիք են, որոնք հայտնում են կոռուպցիոն դեպքերի մասին, այսինքն՝ տեղեկացնում են իրավապահ մարմիններին և հանրությանը, որպեսզի այդ խնդիրները վերացվեն։ Նրանք «գործ տվողներ» չեն, նրանք պարկեշտ և իրավունքը հարգող քաղաքացիներն են։ Պետությունը և հասարակությունը պետք է սատար կանգնի նրանց»,-նշում է Կարեն Զադոյանը։

«Ազդարարման համակարգի մասին» օրենքով սահմանված են նաև ազդարարի բարեխիղճ գործելու պարտականությունները, ինչպես նաև, թե որ դեպքում է ազդարարը գործում անբարեխիղճ։

Ազդարարը գործում է բարեխղճորեն, եթե ազդարարելու պահին նա կոռուպցիոն բնույթի դեպքի կամ շահերի բախման կամ վարքագծի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների կամ հայտարարագրման հետ կապված խախտման կամ հանրային շահերին ուղղված այլ վնասի կամ դրանց սպառնալիքի վերաբերյալ ունի կասկածի ողջամիտ հիմքեր, նրա համոզմամբ տեղեկությունը ճշմարտացի է, և եթե նախքան ազդարարումը նա իր իրական հնարավորությունների սահմաններում միջոցներ է ձեռնարկել ստուգելու տեղեկության ճշտությունը և ամբողջականությունը:

Ազդարարել կարելի է նաև azdararir.am հարթակի միջոցով՝ ինչպես բացահայտ, այնպես էլ՝ անանուն։ 


Հավելենք, նաև որ հրապարակումը պատրաստվել է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության (ԻՀԱ) «Ազդարարման բազմակողմանի խթանում Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Բաց Կառավարման Գործընկերության (ԲԿԳ) աջակցությամբ՝ Եվրոպական Միության (ԵՄ) կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն հանուն բարեվարքության՝ Արևելյան գործընկերության համար» ծրագրի շրջանակներում։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաև ստեղծել Քաղաքացիական հասարակության կողմից գործարկվող այլընտրանքային ազդարարման հարթակ, ինչպես նաև արդեն հիմնվել է ազդարարման բազմաշահառու աշխատանքային հարթակը, որը կծառայի, որպես բարեփոխումների և երկխոսության խթանման հարթակ՝ քաղհասարակության կազմակերպությունների և պատկան մարմինների համար:

Սույն հրապարակմամբ արտահայտված է հեղինակի՝  ԻՀԱ դիրքորոշումը, որի համընկնումը ԲԿԳ և ԵՄ դիրքորոշման հետ պարտադիր չէ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել