Արցախից բռնի տեղահանված երեխաները կկարողանան Սլովենիայում մասնակցել սոցիալ-հոգեբանական վերականգնողական ծրագրի․ ԱՍՀՆ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է Սլովենիայի «Մարդկային անվտանգության խթանում» (ITF) կազմակերպության տնօրեն Տոմաժ Լովրենչիչին, ում ղեկավարած կառույցն արդեն երկրորդ տարին է, ինչ հյուրընկալում է Արցախի, ինչպես նաև ՀՀ սահմանամերձ համայնքների երեխաներին։  Այս մասին հայտնում են ՀՀ ԱՍՀՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ 

«Ծրագրի շրջանակում երեխաները հնարավորություն են ունեցել Սլովենիայի Կարմիր Խաչի Առողջության և երիտասարդության հանգստավայրում մասնակցել կրթական և ուսուցողական տարբեր ծրագրերի և միջոցառումների։

Նախարար Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել Լովրենչիչին՝ երեխաներին հյուրընկալելու համար՝ նշելով, որ իրականացված այցերի շրջանակում սոցիալ-հոգեբանական վերականգնողական ծառայությունների տրամադրումն երեխաների համար դրական ազդեցություն է ունեցել․ միաժամանակ նախարարն առաջարկել է ծրագրի նոր փուլում ընդգրկել Արցախից բռնի տեղահանված և Արցախում տեղի ունեցած պայթյունից տուժած ընտանիքների երեխաներին ևս։

Տոմաժ Լովրենչիչը ներկայացրել է «Մարդկային անվտանգության խթանում» կազմակերպության կողմից այս պահին իրականացվող ծրագրերն ու այդ համատեքստում կարևորել խոցելի խմբերի երեխաների լիարժեք ներառմանն ուղղված աշխատանքների կարևորությունը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ծրագրի շրջանակում երրորդ այցի կազմակերպման, մասնավորապես՝ շահառուների շրջանակին, իրականացման ժամկետներին առնչվող մի շարք հարցեր ևս։ Անդրադարձ է կատարվել նաև Արցախից բռնի տեղահանված անձանց աջակցությանն ուղղված ծրագրերին, այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներին»,- ասված է հաղորդագրությունում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել