Եվրոպական խորհրդարանում քննարկում էր տեղի ունեցել օկուպաված Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի թեմայով։ Քննարկումներից հետո ներկայացվել է բանաձև, որով դատապարտել են Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան։ Գրում է РИА Новости-ն։
Բանաձեւին կողմ է քվեարկել 491, դեմ՝ 9, ձեռնպահ՝ 36 պատգամավոր։
Փաստաթղթում, մասնավորապես, ասվում է․
«Եվրախորհրդարանը կոչ է անում ԵՄ-ին և անդամ երկրներին նպատակաուղղված պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի կառավարության այն անձանց դեմ, ովքեր պատասխանատու են Լեռնային Ղարաբաղում (Արցախի Հանրապետություն-խմբ․) հրադադարի բազմաթիվ խախտումների և մարդու իրավունքների խախտումների համար»:
Եվրախորհրդարանը անհրաժեշտ է համարում, որ ԵՄ-ն նվազեցնի կախվածությունը Ադրբեջանից ներմուծվող գազից, իսկ Բաքվի և Հայաստանի հարաբերություններում լարվածության խորացման դեպքում իսպառ դադարեցնի նավթի և գազի ներմուծումը Ադրբեջանից։