Ալիեւի երեկվա հայտարարություններից պարզ դարձավ, որ իրենք միայն ԼՂ-ով չեն բավարարվում ու ՀՀ-ին լրացուցիչ պահանջներ են ներկայացրել: Ամենայն հավանականությամբ առաջին պահանջը վերաբերել է անկլավներին, երկրորդը` միջանցքին: Դա է վկայում Իլհամ Ալիեւի` այսօր Գրանադա չմեկնելը: Այս մասին ԱԺ հերթական նիստերի ավարտից հետո կայացած խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
Տեղեկանում ենք Ազգային ժողովից։
Խոսելով Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին իրադարձությունների մասին` նույն խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն էլ նշել է, որ դրանք ցեղասպանական գործողություններ էին: Նա անդրադարձել է նաեւ միջազգային կառույցների աշխատանքին: «Սա վկայում է միջազգային կազմակերպությունների բարոյական ու քաղաքական մահվան մասին: Հելսինկիի եզրափակիչ ակտով ու մի շարք այլ միջազգային փաստաթղթերով հակամարտություններն ուժով կամ ուժի սպառնալիքով լուծելն անընդունելի է: Փաստորեն, միջազգային հանրույթն ու հանրությունն այլեւս հանդուրժելի են համարում ագրեսիայի միջոցով հակամարտության լուծումը, քանի որ գազային համաձայնությունը ԵՄ եւ անդամ երկրների համար շատ ավելի թանկ են»,- նշել է ընդդիմադիր պատգամավորը:
Անդրադարձ է կատարվել նաեւ Ալմա-Աթայի հռչակագրին ու Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանը` «կադաստրային վկայականի» մասին: Արթուր Խաչատրյանը հռետորական հարց է բարձրացրել ու հավելել` «Որեւէ երկիր ասա՞ց Ադրբեջանին` զորքերդ հավաքիր եւ դուրս արի ՀՀ տարածքից: Որեւէ մեկը չի հաստատել, որ այդ Ալմաթիի հռչակագիրն իրենից ինչ-որ բան է ներկայացնում»:
Այս համատեքստում լրագրողները հարց են ուղղել պատգամավորներին, թե ինչու է ՀՀ ՊՆ նախկին ղեկավար Արշակ Կարապետյանը երեկ հայտարարել, որ որոշել է քաղաքական ուժ ստեղծել ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ մեղադրանքներ ներկայացրել: Հարցին ի պատասխան` Արթուր Խաչատրյանը նշել է, որ Արշակ Կարապետյանի որոշումն իր համար ենթադրությունների դաշտ է, որտեղ ինքը նախընտրում է չմտնել:
Անդրադարձ է կատարվել նաեւ Լեռնային Ղարաբաղի ներկա ու նախկին իշխանության ներկայացուցիչներին ձերբակալելու, Բաքու տեղափոխելու եւ ՌԴ խաղաղապահ զորախմբի անգործության մասին հարցին:
«Ընդունելի՞ է արդյոք, որ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում հայ քաղաքական գործիչներն առեւանգվում են»,- հետաքրքրվել է լրագրողը:
«Ռուս խաղաղապահների պահվածքը մեզ համար ընդհանրապես հասկանալի չէր թե’ մարտական գործողությունների ժամանակ, թե’ հիմա: Բացարձակապես հասկանալի եւ ընդունելի չէ` առավե’լ եւս: Այն, որ չեն միջամտել որեւէ հարցի, նշանակում է` ինչ-որ պայմանավորվածություն եղել է»,- ասել է Արթուր Խաչատրյանը: