Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է համապատասխան օրենսդրական փոփոխությունների միջոցով սահմանել, որ նախարարությանը ենթակա մարմնի գլխավոր քարտուղարին նշանակում և ազատում է համապատասխան նախարարը՝ ապահովելով նախարարության առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացումը: Նշենք, որ ներկայումս նախարարության ենթակա մարմինների գլխավոր քարտուղարներին նշանակում և ազատում է վարչապետը։
Iravaban.net-ը հայտնում է, որ նախագծի հիմնավորման համաձայն՝ «Պետական կառավարման համակարգի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նախարարությանը ենթակա մարմինը գործում է նախարարությանը վերապահված գործունեության ոլորտի շրջանակներում և ապահովում է նախարարության իրավասությանը վերապահված գործունեության ոլորտի առանձին ուղղությունների իրականացումը:
«Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 12-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ պետական մարմնի ղեկավարը` պատասխանատու է պետական մարմնի առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացման համար:
Վերոգրյալ իրավական նորմերի համակարգային վերլուծության արդյունքում ակնհայտ է դառնում, որ նախարարության ենթակա մարմինը միտված է նախարարության իրավասությանը վերապահված գործունեության ոլորտի առանձին ուղղությունների իրականացման ապահովմանը, իսկ պետական մարմնի ղեկավարը՝ տվյալ դեպքում համապատասխան նախարարը, պատասխանատու է պետական մարմնի գործառույթների իրականացման համար:
«Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ենթակա պետական մարմնի կառուցվածքում ընդգրկվում են ենթակա պետական մարմնի ղեկավարի, ենթակա պետական մարմնի ղեկավարի տեղակալի, (…) գլխավոր քարտուղարի, (…) պաշտոնները:
Նույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ենթակա պետական մարմնի ղեկավարը, (…), ղեկավարում է ենթակա պետական մարմնի գործունեությունը:
Նույն օրենքի 12-րդ և 18-րդ հոդվածների համաձայն՝ գլխավոր քարտուղարն օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատու է ենթակա պետական մարմնի լիազորությունների իրականացման կազմակերպական, անձնակազմի կառավարման, ֆինանսատնտեսական գործառույթների իրականացման և քաղաքացիաիրավական հարաբերությունների մասնակցության համար:
«Պետական կառավարման համակարգի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասի և 7-րդ մասերի համաձայն՝ նախարարությանը ենթակա մարմնի ղեկավարին համապատասխան նախարարի առաջարկությամբ նշանակում և ազատում է վարչապետը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ, իսկ նախարարությանը ենթակա մարմնի ղեկավարի տեղակալին ղեկավարի առաջարկությամբ նշանակում և ազատում է համապատասխան նախարարը, (…):
«Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ենթակա պետական մարմնի ղեկավարին է անմիջական հաշվետու գլխավոր քարտուղարը:
Գործող «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Գլխավոր քարտուղարներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է վարչապետը, բացառությամբ նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված մարմինների գլխավոր քարտուղարների:
Ներկայիս գործող նորմերի կիրառությունը հանգում է նրան, որ անմիջական ենթակայության ներքո գտնվող պաշտոնատար անձանց՝ ենթակա մարմնի ղեկավարին և ենթակա մարմնի գլխավոր քարտուղարին, պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է վարչապետը, ինչը խաթարում է պաշտոնատար անձանց՝ ըստ վերջիններիս նշանակող պաշտոնատար անձի կանխորոշող ավագության սկզբունքը: Միևնույն ժամանակ հատկանշական է, որ ենթակա մարմնի ղեկավարին անմիջական հաշվետու մեկ այլ պաշտոնատար անձի՝ ենթակա մարմնի ղեկավարի տեղակալին, պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է համապատասխան նախարարը:
Ավելին, ակնհայտ է նաև, որ ենթակա մարմնի գլխավոր քարտուղարի պաշտոնի բնույթը և պատասխանատվությանը շրջանակը համադրելի չէ վարչապետի կողմից նշանակվող մյուս պաշտոնների բնույթին և պատասխանատվությանը: