Հայաստանի Հանրապետության նախագահը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 17-րդ կետի համաձայն, քննության է առնում դատապարտյալների ներման խնդրագրերը և ներում շնորհելով՝
ա) լրիվ կամ մասնակիորեն ազատում է հիմնական կամ լրացուցիչ պատիժը կրելուց.
բ) պատժի չկրած մասը փոխարինում է ավելի մեղմ պատժատեսակով.
գ) պատիժը կրած անձանց լրիվ կամ մասնակիորեն ազատում է պետության օգտին դատավճիռներով գանձվող նյութական վնասի հետագա հատուցումից.
դ) վերացնում է դատվածությունը:
Ներման խնդրագրերը քննարկվում են միայն դատավճիռներն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, իսկ նյութական վնասի հետագա հատուցումից ազատելու վերաբերյալ խնդրագրերը՝ հիմնական պատիժը կրելուց հետո: Ներման խնդրագրերը քննարկելիս հաշվի են առնվում կատարված հանցագործության բնույթը և հանրության համար վտանգավորության աստիճանը, դատապարտյալի անձը, պատիժը կրելու վայրում նրա վարքը, աշխատանքի նկատմամբ վերաբերմունքը, պատժի կրած ժամկետը, առողջական վիճակը, ընտանիքի սոցիալական վիճակը և ուշադրության արժանի այլ հանգամանքները:
Ինչպես նաև դատապարտյալների ներման խնդրագրերը պատիժը կրելու վայրի կամ պատժի ի կատար ածումը տնօրինող մարմնի վարչակազմի միջոցով երկշաբաթյա ժամկետում ուղարկվում են Հայաստանի Հանրապետության նախագահի քննարկմանը՝ կից ներկայացնելով դատարանների որոշումների ու դատավճիռների պատճենները,դատապարտյալների աշխատանքի և վարքի մասին բնութագրերը, ինչպես նաև ներում շնորհելու հարցի քննարկման համար անհրաժեշտ այլ փաստաթղթեր ու տվյալներ:
Ցմահ ազատազրկման դատապարտված անձանց ներման խնդրագրերի վերաբերյալ նյութերն ուղարկվում են Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին։ Վերջիններս ոչ ուշ, քան դրանք ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության նախագահին են ներկայացնում եզրակացություններ՝ նշելով հանցագործության կատարման հանգամանքները, դրա առաջացրած հետևանքները, դատապարտյալի անձի մասին տվյալները և իրենց առաջարկությունները յուրաքանչյուր խնդրագրի վերաբերյալ: Ներման խնդրագրերը, նախքան Հայաստանի Հանրապետության նախագահի քննարկմանը ներկայացնելը, նախապես քննարկվում են Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր ներման հարցերի հանձնաժողովում (այսուհետ՝ հանձնաժողով)։ Հանձնաժողովը կազմավորում է Հայաստանի Հանրապետության նախագահը։