Ծնողական իրավունքները չեն կարող իրականացվել երեխաների շահերին հակառակ։
Երեխաների շահերի ապահովումը պետք է լինի ծնողների հիմնական հոգածության առարկան:
Ծնողական իրավունքներն իրականացնելիս ծնողներն իրավունք չունեն վնաս պատճառելու երեխաների ֆիզիկական և հոգեկան առողջությանը, նրանց բարոյական զարգացմանը։ Երեխաների դաստիարակության եղանակները պետք է բացառեն նրանց նկատմամբ քամահրական, դաժան, կոպիտ, մարդկային արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքը, վիրավորանքը կամ շահագործումը։
Ծնողական իրավունքներն ի վնաս երեխաների իրավունքների և շահերի իրականացնող ծնողները պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով։
Երեխաների դաստիարակությանն ու կրթությանը վերաբերող բոլոր հարցերը ծնողները լուծում են փոխադարձ համաձայնությամբ՝ ելնելով երեխաների շահերից և հաշվի առնելով տասը տարին լրացած երեխայի կարծիքը։ Ծնողները (նրանցից մեկը) փոխադարձ համաձայնություն ձեռք չբերելու դեպքում կարող են առկա տարաձայնությունները լուծելու համար դիմել խնամակալության և հոգաբարձության մարմին կամ դատարան։
Ծնողների` միմյանցից առանձին ապրելու դեպքում երեխաների բնակության վայրը որոշվում է ծնողների համաձայնությամբ։ Համաձայնության բացակայության դեպքում ծնողների միջև վեճը լուծում է դատարանը` ելնելով երեխաների շահերից և հաշվի առնելով տասը տարին լրացած երեխայի կարծիքը։ Ընդ որում, դատարանը հաշվի է առնում երեխայի կապվածությունը ծնողներից յուրաքանչյուրի, քույրերի ու եղբայրների հետ, երեխայի տարիքը, ծնողների բարոյական և անձնական այլ հատկանիշներ, ծնողներից յուրաքանչյուրի և երեխայի միջև գոյություն ունեցող հարաբերությունները, երեխայի դաստիարակության ու զարգացման համար պայմաններ ստեղծելու հնարավորությունը (ծնողների գործունեության (աշխատանքի) բնույթը, նրանց գույքային ու ընտանեկան դրությունը և այլն)։