Ինչպե՞ս է գրանցվում ազատազրկման վայրերում գտնվող դատապարտյալների ամուսնությունը

Դատապարտված, ձերբակալված կամ կալանավորված անձի հետ ամուսնանալ ցանկացող անձը ամուսնանալու վերաբերյալ դիմում է տալիս իր մշտական բնակության վայրի կամ ուղղիչ հիմնարկի գտնվելու վայրի քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժին: Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժինը դիմումում և դիմողի ինքնությունը հաստատող փաստաթղթում նշված տեղեկությունները համեմատում է, հաստատում նրա ստորագրությունը ու դիմումը վերադարձնում է խնդրատուին` այն ուղղիչ հիմնարկ ուղարկելու և ազատազրկված անձին հանձնելու նպատակով:

Ազատազրկված անձի հետ ամուսնանալու վերաբերյալ դիմում ստանալիս ուղղիչ հիմնարկը այն հանձնում է ազատազրկված անձին` դիմումի այն մասը լրացնելու համար, որը վերաբերվում է իրեն:
Դիմումի մեջ պակասող տեղեկությունները մտցնելուց հետո ուղղիչ հիմնարկի վարչակազմը դիմումում նշված տեղեկությունները համեմատում է ազատազրկված անձի անձնական գործի փաստաթղթերում նշված տեղեկությունների հետ, հաստատում է նրա ստորագրությունը և այն ուղարկում է ուղղիչ հիմնարկի գտնվելու վայրի քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժին: Եթե դատապարտյալի անձնական գործում տեղեկություններ չկան նրա ընտանեկան դրության մասին կամ որոշ տեղեկություններ թերի են, միմյանց հակասող, ուղղիչ հիմնարկի վարչակազմը, միջոցներ է ձեռք առնում դրանք պահանջելու կամ ճշտելու ուղղությամբ:

Ուղղիչ հիմնարկի գտնվելու վայրի քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժինը, ընդունելով ամուսնանալու վերաբերյալ դիմումը, նշանակում է ամուսնության գրանցման ժամանակը և այդ մասին նախօրոք իրազեկում է ամուսնանալ ցանկացող անձանց: Ազատազրկված անձի անձնական գործում քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնի կողմից նշում է կատարվում ամուսնության գրանցման մասին, ամուսնու անունը, ազգանունը, հայրանունը և ծննդյան ժամանակը, քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնի անվանումը և ամուսնությունը գրանցելու ժամանակը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել