Մեր տարածաշրջանում իրապես ավերիչ զարգացումների ժամանակագրությունը վկայում է այն մասին, որ հիմնախնդիրները հնարավոր չէ լուծել զուտ հայտարարություններով և ընդհանուր կոչերով. Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանին․

«Հարգարժան պարոն նախագահ,

Ձերդ գերազանցություններ,

Տիկնայք և պարոնայք,

Առաջին հերթին թույլ տվեք շնորհավորել պարոն Դենիս Ֆրենսիզին Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի նախագահությունը ստանձնելու կապակցությամբ:

Ես ոչ առաջին, ոչ էլ վստահաբար վերջին բանախոսը կլինեմ այս հեղինակավոր հաստատությունում, որը կմատնանշի ժողովրդավարությանը սպառնացող գլոբալ սպառնալիքները, անվտանգային մարտահրավերնեը, ՄԱԿ կանոնադրության սկզբունքների և նպատակների՝ ներառյալ ուժի չկիրառման և հակամարտություների խաղաղ կարգավորման ոտնահարումները` որպես աշխարհում անկայունության և լարվածության հիմնական աղբյուր:

Անցած տարիների ավերիչ զարգացումները, որոնք խաթարեցին անվտանգության ճարտարապետությունն աշխահում, և հատկապես Եվրոպայում, էականորեն վնաս են հասցրել բազմակողմանիությանը: Եթե մի քանի տարի առաջ մենք մտահոգվում էինք բազմակողմանիության նահանջի վերաբերյալ, այսօր մենք ականատես ենք լինում դրա բուն էության և հիմքերի քայքայմանը, ինչպիսիք են միջազգային իրավունքը, մարդու իրավունքները և համագործակցային անվտանգությունը:

Սա զուտ տեսական հետևություն չէ, այլ իրականություն, որին հայ ժողովուրդն առերեսվում է վերջին 3 տարիներին: Ադրբեջանի շարունակական ագրեսիաները Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ և ռազմական հարձակումները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ էապես խաթարում են մեր տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը, կոպտորեն խախտում մարդու իրավունքներն ու հումանիտար իրավունքը՝ գոյութենական սպառնալիք հանդիսանալով հայերի համար:

Հայաստանի կառավարությունը` ունենալով մեր տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու անկեղծ հավատ և ձգտում, զգալի և հստակորեն արձանագրված ջանքեր է գործադրել այդ ուղղությամբ: Ցավոք, մենք առնչվում ենք ոչ թե խաղաղություն ցանկացող գործընկերոջ հետ, այլ երկրի, որը բացահայտորեն հայտարարում է, որ «ուժն է ծնում իրավունքը» և անընդհատ ուժ է կիրառում խաղաղության գործընթացը խաթարելու համար։ Բառացիորեն մեկ տարի առաջ հենց այս ամբիոնից ՀՀ վարչապետը ներկայացրեց հարևան Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների նկատմամբ ագրեսիայի և օկուպացիայի փաստը։ Այդ ժամանակվանից իրավիճակն էլ ավելի է սրվել, և այսօր ես ստիպված եմ ներկայացնել հերթական լայնածավալ հարձակումն այս անգամ Լեռնային Ղարաբաղի բնիկ ժողովրդի դեմ՝ որպես միջազգային իրավունքի և 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում:

Պատահական չէ, որ այս իրադարձությունը տեղի է ունեցել հենց այս շաբաթ։ Սա ի ցույց է դնում Ադրբեջանի անարգանքն ու արհամարանքը այստեղ՝ Նյու Յորքում, հավաքված միջազգային հանրության նկատմամբ։ Ուղերձը հստակ է՝ «դուք կարող եք խոսել խաղաղության մասին, իսկ մենք կարող ենք գնալ պատերազմի ճանապարհով, և դուք չեք կարողանա որևէ բան փոխել»։ 120 հազար մարդիկ, որոնց միակ ձգտումը ապրելն ու արարելն է իրենց նախնյաց հայրենիքում, և որոնք ավելի քան 9 ամիս շարունակ տառապել են Ադրբեջանի արգելափակման և պաշարման պայմաններում, ենթարկվել են ռազմական հարձակման տասնյակ հազարանոց զորքի կողմից։ Այս անմարդկային հարձակման ընթացքում Լեռնային Ղարաբաղի ամբողջ տարածքը՝ Ստեփանակերտը և  մյուս քաղաքներն ու բնակավայրերը ենթարկվել են ինտենսիվ և համատարած հրետակոծության՝ ծանր զինտեխնիկայի՝ հրթիռների, հրետանու, մարտական անօդաչու թռչող սարքերի, ավիացիայի՝ ներառյալ արգելված կասետային զինամթերքի կիրառմամբ:

Այս սոսկալի լայնածավալ հարձակումը, որը խլեց հարյուրավոր, այդ թվում՝ կանանց և երեխաների կյանքեր, ցինիկորեն որակվեց որպես տեղային հակաահաբեկչական գործողություն: Վերջին տեղեկությունների համաձայն՝ կան ավելի քան 200 զոհվածի և 400 վիրավորի հաստատված դեպքեր, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության, կանանց և երեխաների շրջանում՝ հաստատված նաև Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության կողմից: Հարյուրավոր մարդկանց ճակատագիրը մնում է անորոշ։

Մինչ ես ելույթ եմ ունենում այսօր, Լեռնային Ղարաբաղի բնակչության 30 տոկոսը տեղահանված է։ Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչությունը մնում է առանց ապրուստի միջոցների, քանի որ Լեռնային Ղարաբաղ կարողացել է մուտք գործել միայն սահմանափակ մարդասիրական օգնություն: Չկա սնունդ, դեղորայք, կացարան, ապրելու վայր։ Նրանք ընտանիքից բաժանված են, ահաբեկված ու իրենց կյանքի համար վախեցած։

Տիկնայք և պարոնայք,

Ադրբեջանի վերջին 10 ամիսների քաղաքականությունն ու գործողությունները ակնհայտորեն ի ցույց են դնում այս զանգվածային ոճրագործության նախապես ծրագրված և լավ կազմակերպված բնույթը։ 2022թ. դեկտեմբերի 12-ին Ադրբեջանը շրջափակեց Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ կյանքի ճանապարհը՝ բացահայտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքով, ինչպես նաև 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները։

Լեռնային Ղարաբաղի ավելի քան 9 ամիս տևած շրջափակումը հանգեցրել է սննդամթերքի, բժշկական պարագաների, վառելիքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների սուր պակասի՝ գրեթե սպառման եզրին հասցնելով բնակչության գոյատևման համար անհրաժեշտ ռեսուրսները։ Շրջափակումն ուղեկցվել է էլեկտրաէներգիայի և բնական գազի մատակարարումների կանխամտածված ընդհատումներով, ինչն էլ ավելի է սրում իրավիճակը՝ այն վերածելով հումանիտար ճգնաժամի։

Ցանկանում եմ ընդգծել, որ 2023թ. փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը հրատապ միջոցների կիրառման մասին որոշում է կայացրել, ըստ որի «Ադրբեջանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը»: Այս որոշումը հետագայում վերահաստատվել է Դատարանի հուլիսի 6-ի որոշմամբ։

Մի շարք գործընկեր պետություններ, միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՄԱԿ-ի մանդատակիրները, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, Human Rights Watch-ը, Freedom House-ը, Amnesty International-ը, Transparency International-ը շարունակաբար ահազանգում էին տեղում իրավիճակի վատթարացման մասին: Ավելին, օգոստոսի 16-ին Հայաստանի պահանջով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստի ժամանակ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրների մեծամասնությունը հստակ դիրքորոշում հայտնեց Լաչինի միջանցքի ապաշրջափակման և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի տառապանքը դադարեցնելու անհրաժեշտության և նրանց հիմնարար իրավունքները ապահովելու վերաբերյալ։ Մինչդեռ, ի պատասխան այս հստակ կոչերի, Ադրբեջանը ավելի է կոշտացրել իր անմարդկային գործողությունները՝ ձեռնարկելով այս ռազմական հարձակումը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ։

2023թ. սեպտեմբերի 21-ին գումարվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ևս մեկ նիստ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղում տիրող աղետալի իրավիճակը։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների մեծամասնությունն արտահայտել է իր դիրքորոշումը՝ Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների դադարեցման, Լաչինի միջանցքի բացման, միջազգային մարդասիրական մուտքի ապահովման և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների ու անվտանգության հասցեագրման հրամայականի վերաբերյալ։

Տիկնայք և պարոնայք,

Մեր տարածաշրջանում իրապես ավերիչ զարգացումների ժամանակագրությունը վկայում է այն մասին, որ հիմնախնդիրները հնարավոր չէ լուծել զուտ հայտարարություններով և ընդհանուր կոչերով։ Հայաստանը բազմիցս նախազգուշացրել միջազգային հանրությանը հստակ և գործնական գործողությունների անհրաժեշտության մասին, ներառյալ՝ ՄԱԿ-ի միջգերատեսչական կարիքների գնահատման և փաստահավաք առաքելության՝ Լեռնային Ղարաբաղ գործուղելու մասին: Բայց միջազգային հանրությունը, ՄԱԿ-ը վերջին 9 ամիսների՝ 285 օրերի ընթացքում չկարողացան օգնության հասնել մարդկանց։

Սովահարությունը որպես պատերազմի մեթոդ օգտագործելը, մարդկանց ապրուստի միջոցներից զրկելը, ՄԱԿ-ի գործակալությունների հումանիտար հասանելիության խոչընդոտումը և մերժումը, ԿԽՄԿ-ի մարդասիրական գործունեության խոչընդոտումը ոճրագործության վաղ  նախազգուշացնող նշաններ են: Մի շարք միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ, իրավաբաններ, ցեղասպանագետներ, հեղինակավոր անկախ փորձագետներ, այդ թվում՝ Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Ցեղասպանության կանխարգելման հարցերով նախկին հատուկ խորհրդականը, արդեն իսկ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը որակել են որպես ցեղասպանության սպառնալիք: Հենց երեկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդական Էլիս Վաիրիմու Նդերիտուն ընդգծել է. «ռազմական գործողությունները կարող են միայն նպաստել առանց այն էլ լարված իրավիճակի սրմանը և այդ տարածքում քաղաքացիական բնակչությանը դնել բռնության, այդ թվում՝ ցեղասպանության և դրա հետ կապված ոճրագործությունների ռիսկի տակ։ Անհրաժեշտ է բոլոր ջանքերը գործադրել բռնությունը կանխելու և խաղաղությունը պահպանելու համար»:

Թույլ տվեք ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ Ռուանդայում ցեղասպանության կանխարգելման ձախողումից հետո ՄԱԿ-ին հաջողվել է ստեղծել կանխարգելման մեխանիզմներ՝ դրանով իսկ «‎այլևս երբեք» կարգախոսը վերածելով իմաստալից խոստման: Բայց այսօր մենք կանգնած ենք հերթական ձախողման շեմին։

Ադրբեջանի կողմից սանձազերծված այս անմարդկային շրջափակման և ռազմական գործողությունների թակարդում հայտնված և իր գոյության սպառնալիքի տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը դեռևս հույս ունի, որ կանխարգելումը չի մնա լեզվական ձևակերպում, այլ կվերածվի գործողությունների շղթայի:

Այն պնդումները, թե ՄԱԿ-ը տեղում ներկա չէ, հետևաբար իրավիճակը ստուգելու հնարավորություն չունի, չեն կարող արդարացում լինել անգործության համար։ ՄԱԿ-ը համընդհանուր մարմին է, որը պետք է աջակցի զանգվածային ոճրագործությունների զոհերին ամբողջ աշխարհում՝ անկախ տարածքի կարգավիճակից, այլ ոչ թե հանդես գա մերժողական հայտարարություններով:

Հուսով ենք, որ միջազգային հանրությունը, մասնավորապես ՄԱԿ-ը, կդրսևորի ամուր քաղաքական կամք՝ դատապարտելու ռազմական գործողությունների վերսկսումը և քաղաքացիական բնակավայրերի ու ենթակառուցվածքների թիրախավորումը և կպահանջի միջազգային մարդասիրական իրավունքի պարտավորությունների լիարժեք կատարում՝ ներառյալ այն պարտավորությունները, որոնք կապված են քաղաքացիական բնակչության, մասնավորապես կանանց և երեխաների պաշտպանության, ինչպես նաև կենսական քաղաքացիական ենթակառուցվածքների պաշտպանության հետ:

Միջազգային հանրությունը պետք է գործադրի բոլոր ջանքերը Լեռնային Ղարաբաղում անհապաղ ՄԱԿ-ի միջգերատեսչական առաքելություն տեղակայելու համար՝ տեղում մարդու իրավունքների, մարդասիրական և անվտանգության ոլորտում իրավիճակի մշտադիտարկման և գնահատման նպատակով: ՄԱԿ-ի հաստատությունների և այլ միջազգային կազմակերպությունների անարգել մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ մարդասիրական սկզբունքներին համապատասխան, հրամայական է: Այս առումով ընդգծում ենք նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ կողմերի ամբողջական և բարեխիղճ համագործակցության ապահովման անհրաժեշտությունը՝ ռազմական հարձակման հետևանքները հասցեագրելու համար՝ ներառյալ զոհվածների դիերի դուրսբերումը և նույնականացումը, անհայտ կորած զինծառայողների և քաղաքացիական անձանց որոնումն ու փրկությունը, ռազմագերիների ազատ արձակումը, անվտանգ և անարգել մարդասիրական օգնության տրամադրումը՝ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խստագույն պահպանմամբ:

Ադրբեջանը, ի վերջո, պետք է հավատարիմ մնա իրավաբանորեն պարտադիր ուժ ունեցող իր պարտավորություններին և ապահովի Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների տեղաշարժի ազատությունը՝ Արդարադատության միջազգային դատարանի որոշումների համաձայն:

Մենք խորապես համոզված ենք, որ պետք է ներդրվեն համապատասխան մեխանիզմներ՝ ապահովելու վերջին ռազմական հարձակման ընթացքում տեղահանված անձանց, ինչպես նաև 2020թ. պատերազմի հետևանքով տեղահանված անձանց և փախստականների վերադարձը Լեռնային Ղարաբաղի և հարակից շրջանների իրենց տներ՝ ՄԱԿ-ի համապատասխան գործակալությունների մոնիթորինգի և վերահսկողության ներքո, ինչպես դա նախատեսված էր 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ։

Լեռնային Ղարաբաղի բնիկ բնակչության էթնիկ զտումը կանխելու և Լեռնային Ղարաբաղի ու պաշտոնական Բաքվի ներկայացուցիչների միջև երկխոսությունն ապահովելու կայուն և կենսունակ միջազգային մեխանիզմը Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հետ կապված հարցերի հասցեագրման համար հրամայական է: Ավելին, պետք է երաշխավորվի Լեռնային Ղարաբաղի քաղաքական և ռազմական ներկայացուցիչների և անձնակազմի դեմ պատժիչ գործողությունների բացառումը:

Մենք նաև կարծում ենք, որ միջազգային հանրությունը պետք է պահանջի Լեռնային Ղարաբաղի բոլոր քաղաքացիական բնակավայրերից դուրս բերել ադրբեջանական ցանկացած զինվորական և իրավապահ մարմին, որպեսզի բացառվի քաղաքացիական բնակչության շրջանում խուճապը, սադրանքներն ու էսկալացիան, և հնարավորություն ստեղծվի ՄԱԿ-ի կողմից մանդատ ստացած խաղաղապահ ուժերի համար պահպանել կայունությունն ու անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում:

Տիկնայք և պարոնայք,

Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ իրականացվող էթնիկ զտման քաղաքականությունն ընդհանուր պատկերի միայն մի մասն է։ Այս համատեքստում մենք տեսնում ենք Հայաստանի Հանրապետությանը ռազմական գործողությունների մեջ ներքաշելու և դրանք՝ դեպի մեր ինքնիշխան տարածք աշխարհագրական առումով ընդլայնելու հստակ մտադրություն։

Ադրբեջանի չկամությունն անկեղծորեն և կառուցողական կերպով ներգրավվել Հայաստանի հետ խաղաղության գործընթացում, ճանաչել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, դուրս բերել իր զինված ուժերը Հայաստանի օկուպացված տարածքներից, սահմանազատել Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանը՝ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխան և հիմնվելով 1975թ. քարտեզների վրա, միջպետական սահմանի երկայնքով ստեղծել ապառազմականացված գոտի, հստակ պատկերում են նշված մտադրությունները։

Նույն կերպ, Ադրբեջանն ունի թաքնված օրակարգ, երբ խոսքը վերաբերում է տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակմանը:  Որպես ծով ելք չունեցող երկիր՝ Հայաստանը կենսականորեն շահագրգռված է ինքնիշխանության, ազգային իրավասության, իրավահավասարության և փոխադարձության հիման վրա տարածաշրջանային բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակման մասին համաձայնության իրագործմամբ։ Հայաստանը հանդիսանում է համալիր և արդար տրանսպորտային հաղորդակցության երկարատև ջատագովը՝ առևտրին, համագործակցությանը և մարդկանց միջև շփումներին նպաստելու նպատակով, մինչդեռ մեր հարևանները շարունակում են երեք տասնամյակ կիրառվող  Հայաստանի  շրջափակումը, որը իմ երկրի տնտեսական հարկադրանքի  լավ կազմակերպված քաղաքականության մի մասն է։ Այսպես կոչված «միջանցքային տրամաբանությունը», որն առաջ է քաշվում Բաքվի և նրանց թաքնված ու բացահայտ հովանավորների կողմից, ուղղված է Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խաթարմանը և նրա տարածքային պահանջների արդարացմանը: Նրանց ստեղծած խոսույթը, Ադրբեջանի կողմից ուժի կիրառման հետ մեկտեղ, ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ, ցույց է տալիս, որ հաջորդ նպատակը կարող է լինել Հայաստանին ստիպողաբար արտատարածքային միջանցք պարտադրելը, միջանցք, որը կանցնի Հայաստանի տարածքով, բայց դուրս կլինի մեր վերահսկողությունից։  Սա անընդունելի է մեզ համար և պետք է անընդունելի լինի միջազգային հանրության համար։

Պարոն նախագահ,

Չնայած բոլոր մարտահրավերներին, Հայաստանը շարունակում է ներգրավվել հարաբերությունների կարգավորման և կայուն խաղաղության հաստատման բանակցություններում և աջակցում է այդ ուղղությամբ միջազգային գործընկերների ջանքերին։ Միջազգային ճանաչված սահմաններում տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ հարգանքը, հակամարտության հիմքում ընկած պատճառների, այն է՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրումը, երկարատև խաղաղության հիմքն են։

Ամփոփելով, թույլ տվեք հայտարարել, որ Հայաստանի ժողովուրդը հաստատակամորեն պաշտպանելու է իր ինքնիշխանությունը, անկախությունը և ժողովրդավարությունը և հաղթահարելու է իր դեմ սանձազերծված հիբրիդային պատերազմը։

Շնորհակալություն»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել