Իրավաբանական անձանց պետական գրանցում, ինչպես նաև իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառում իրականացնող մարմինը հանդիսանում է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի՝ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը (այսուհետ՝ Գործակալություն):
Պետական գրանցման կամ պետական հաշվառման համար դիմելու իրավունք ունի ցանկացած գործունակ անձ՝ Գործակալություն ներկայացնելով համապատասխան դիմում՝ էլեկտրոնային փաստաթղթի ձևով կամ թղթային կրիչի վրա՝ կից ներկայացնելով «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքով (այսուհետ՝ Օրենք) պահանջվող փաստաթղթերը: Դրանք են՝
1) թղթային կրիչի վրա ներկայացվող մեկ թերթից ավելի ծավալ ունեցող փաստաթղթի, այդ թվում` փաստաթղթի պատճենի թերթերը պետք է լինեն համարակալված և կարված, որը պետք է ապահովի փաստաթղթի ամբողջականությունը.
2) փաստաթղթերում պետք է նշված լինեն դրանք կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը.
3) փաստաթղթերը չպետք է պարունակեն ջնջումներ կամ էական վնասվածքներ, հավելագրումներ, դատարկ և հետագայում լրացման համար նախատեսված չլրացված մասեր, չծանոթագրված ուղղումներ.
4) փաստաթղթերի տեքստը պետք է գրված լինի պարզ, հստակ և ընթեռնելի.
5) միաժամանակ հայերեն և օտար լեզվով ներկայացվող փաստաթղթերի տեքստերը պետք է շարադրվեն իրար հետևից կամ իրար կողքի այն պայմանով, որ իրար հետևից տեքստերի շարադրման դեպքում վերևում զետեղվում է հայերեն տեքստը, ընդ որում` տեքստերի միջև հակասության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տեքստին.
6) փաստաթուղթը պետք է նշում պարունակի այն հաստատելու մասին կամ ձևակերպված լինի այն հաստատող փաստաթղթի հետ մեկ փաստաթղթի տեսքով.
7) կանոնադրությունը (կանոնադրության փոփոխությունները) պետք է նշում պարունակի հաստատման, ներկայացված օրինակների քանակի և օրինակի հերթական համարի մասին: Կանոնադրության փոփոխությունը կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը պետք է նշում պարունակի նաև իրավաբանական անձի պետական գրանցման տվյալների և պետականգրանցում ստացած վերջին կանոնադրության պետական գրանցման օրվա մասին.
8) իրավաբանական անձի ներկայացրած փաստաթղթի պատճենը պետք է բավարարի նշված 1-7-րդ կետերով սահմանված պահանջները և պետք է վավերացվի իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի կողմից, եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, Օրենքով և այլ օրենքներով վավերացման այլ կարգ սահմանված չէ: Պատճենը պետք է բովանդակի վավերացման տարին, ամիսը, ամսաթիվը, գործադիր մարմնի ղեկավարի ստորագրությունը: Անհատ ձեռնարկատեր հաշվառված անձի ներկայացրած փաստաթղթի պատճենը պետք է վավերացվի վերը սահմանված կարգով՝ փաստաթղթեր ներկայացնող անձի կողմից:
Պետական գրանցումը կամ պետական հաշվառումը կատարվում է Օրենքով սահմանված ժամկետներում, սակայն նշված գործընթացների համար կարող են սահմանվել Օրենքով նախատեսված ժամկետներից ավելի կրճատ ժամկետներ՝ ապահովելով նման ծառայությունների վճարովիությունը: Վճարի դիմաց մատուցվող ծառայությունների տեսակների ամբողջական ցանկը և պայմանները, ինչպես նաև համապատասխան վճարի չափը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 11-ի N 1194-Ն որոշմամբ: