Վայոց ձորի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը դիզվառելիք է հափշտակել. ՀՔԾ

Հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ և 314-րդ հոդվածի 1-ին մասերով ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության նախկին պետ Բաբկեն Մկրտչյանի նկատմամբ և վերջինիս հանցակից` ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրվող Մանվել Արշակյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը:

ՀՔԾ-ի փոխանցմամբ` նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ կառավարության որոշումներով հաստատված «ՀՀ հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության» 2012թ. ծրագրի իրականացման գործընթացում ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Բաբկեն Մկրտչյանը, պաշտոնեական դիրքը չարաշահելով, նախնական համաձայնությամբ, քաղաքացի Մանվել Արշակյանի հետ համատեղ մասնակցությամբ պաշտոնական փաստաթղթեր է կեղծել, որոնց հիման վրա Մանվել Արշակյանը հափշտակել է դիզվառելիք` պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս:

Մեղադրյալներ Բաբկեն Մկրտչյանի և Մանվել Արշակյանի նկատմամբ քրեական գործի մինչդատական վարույթում խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:

Քրեական գործի նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել