Սերժ Սարգսյանի հրամանագրում փոփոխություններ կկատարվեն

«Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` որոշում եմ.

Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» ՆՀ-728 հրամանագրի 1.10-րդ և 1.11-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1.10. Մարզպետին կից գործում է խորհրդակցական մարմին` մարզի խորհուրդ, որի կազմում ընդգրկվում են մարզպետը և համայնքների ղեկավարները:

Մարզի խորհրդի նիստին մասնակցում են մարզպետի տեղակալը (տեղակալները) և հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ղեկավարները:

Մարզի խորհրդի նիստերին կարող են մասնակցել մարզի համայնքների ավագանու անդամները։

Մարզի խորհրդի նիստին մարզպետի հրավերով կարող են մասնակցել մարզային ենթակայության կազմակերպությունների ղեկավարներ, մարզպետարանի աշխատակազմի աշխատակիցներ, հանրապետական գործադիր մարմինների ներկայացուցիչներ և այլ անձինք:

Մարզի խորհրդի նիստին կարող են մասնակցել հասարակական միավորումների ներկայացուցիչներ:

Մարզի խորհրդի նիստն իրավազոր է, եթե ներկա է մարզի խորհրդի անդամների կեսից ավելին։

Մարզի խորհուրդը մարզի խորհրդի նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ ընդունում է մարզին առնչվող խնդիրների վերաբերյալ ուղերձներ:

Մարզի խորհրդի նիստը հրավիրում և վարում է մարզպետը՝ առնվազն երեք ամիսը մեկ անգամ:

Մարզպետը մարզի խորհրդի նիստից առնվազն հինգ աշխատանքային օր առաջ մարզի խորհրդի նիստի անցկացման մասին տեղեկացնում է մարզի խորհրդի անդամներին և մարզի խորհրդի նիստին հրավիրված անձանց:

Մարզի խորհրդի անդամները մարզի խորհրդի նիստից առնվազն երեք աշխատանքային օր առաջ մարզպետին կարող են ներկայացնել առաջարկություններ՝ մարզի խորհրդի նիստի օրակարգում ընդգրկելու նպատակով:

Մարզի համայնքների ավագանու անդամները մարզի խորհրդի նիստի օրակարգում հարցեր ընդգրկելու վերաբերյալ առաջարկությունները ներկայացնում են իրենց համայնքի ղեկավարի միջոցով:

Մարզի խորհրդի նիստի օրակարգի նախագիծը հրապարակվում է մարզպետարանի ինտերնետային կայքէջում՝ մարզի խորհրդի նիստից առնվազն երեք աշխատանքային օր առաջ:

Մարզպետի սահմանած՝ մարզի խորհրդի նիստի օրակարգը հաստատվում է մարզի խորհրդի կողմից՝ նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ:

Մարզի խորհրդի նիստը հրապարակային է:

Մարզի խորհրդի նիստը լուսաբանվում է մարզպետի կողմից հրավիրված զանգվածային լրատվության միջոցներով:

Մարզի խորհրդի նիստի արդյունքում կազմվում է արձանագրություն: Մարզի խորհրդի նիստի արձանագրությունը և մարզի խորհրդի ուղերձները հրապարակվում են մարզպետարանի ինտերնետային կայքէջում:

Մարզի խորհրդի աշխատակարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի կողմից:

1.11. Մարզի խորհրդի նիստերին մարզպետը`

ա) իրազեկում է տեղական ինքնակառավարման մարմիններին Հայաստանի Հանրապետության օրենսդրական և գերատեսչական իրավական ակտերի մասին.

բ) լուծում է կազմակերպական այլ հարցեր.

գ) մարզի խորհրդի քննարկմանն է ներկայացնում`

– Հայաստանի Հանրապետության կառավարություն և Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացվող իր հաշվետվությունները` մարզի ընդհանուր սոցիալ-տնտեսական վիճակի և իր գործունեության մասին.

– մարզի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի նախագիծը.

– մարզային սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի հիման վրա տարեկան աշխատանքային պլանի կազմման և մարզային սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման մոնիտորինգի և գնահատման արդյունքները.

– պետական բյուջեի միջոցներով, ինչպես նաև միջազգային և այլ կազմակերպությունների կողմից մարզի տարածքում իրականացվող նպատակային զարգացման ծրագրերի նախագծերը.

– մարզի կտրվածքով պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի հայտը, նախագիծը, ինչպես նաև տվյալ տարվան հաջորդող տարվա պետական բյուջեի հայտերը և նախագիծը.

– Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով և այլ միջոցներով մարզին վերաբերող ծրագրերի կատարման ընթացքը.

– հաղորդում տվյալ տարվա պետական բյուջեով մարզին հատկացված միջոցներով իրականացված ծրագրերի եռամսյակային, կիսամյակային և իննամսյա հաշվետվությունների վերաբերյալ, իսկ տվյալ տարվա հաշվետվության վերաբերյալ հաղորդումը ներկայացնում է պետական գանձապետական համակարգի կողմից տարեկան հաշվետվությունը հրապարակվելուց հետո կայանալիք մարզի խորհրդի նիստի ժամանակ,

– համայնքների ղեկավարների առաջարկություններն ու դիտողությունները մարզպետարանի և մարզային ենթակայության կազմակերպությունների գործունեության վերաբերյալ.

– օրենքով սահմանված կարգով պետական համապատասխան մարմինների կողմից մարզպետարանի աշխատակազմում, մարզային ենթակայության կազմակերպություններում, ինչպես նաև համայնքի աշխատակազմում, համայնքային բյուջետային հիմնարկներում, համայնքային մասնակցությամբ առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններում իրականացված վերահսկողության, ստուգման և ուսումնասիրության արդյունքում կազմված փաստաթղթերը.

– օրենքով սահմանված կարգով համապատասխան մարմինների կողմից տեղական ինքնակառավարման մարմիններում իրականացված վարչական և ֆինանսական հսկողության արդյունքում կազմված փաստաթղթերը.

– «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված վարչական հսկողություն իրականացնող պետական մարմինների կողմից համայնքներում իրականացված հսկողության արդյունքում կազմված փաստաթուղթը.

– օրենքով սահմանված կարգով տվյալ տարվան հաջորդող տարվա՝ մարզի համայնքներում իրականացվելիք վարչական հսկողության՝ մարզպետի ամենամյա աշխատանքային ծրագրի կամ դրա փոփոխությունների նախագիծը.

– Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ մարզին առնչվող այլ հարցեր»,- ասաված է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ստորագրած հրամանագրի մեջ:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել