2013 թվականի համաներման ակտը մշակելու համար էական և մեծ նշանակություն է ունեցել նախորդ համաներման արդյունքները: Այս մասին Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության նախագահի առաջարկությունը պատգամավորներին ներկայացնելիս ասաց Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
Նրա խոսքով՝ անկանխության 20-րդ տարեդարձի կապակցությամբ 2011 թվականի մայիսի 26-ի 277 Ն որոշմամբ՝ 2011 թվականին հանցագործություն կատարած անձանցից 785-ի նկատմամբ կիրառվել է համաներման ակտ, որոնցից 2012 թվականին նորից ենթարկվել են քրեական պատասխանատվության 28-ը, իսկ 2013 թվականի ընթացքում՝ 22-ը:
Նախաքննության փուլում գտնվող քրեական գործով և նյութերով 2012 թվականին հանցագործություն կատարած անձանցից 271-ի նկատմամբ է կիրառվել համաներման ակտ, նրանցից 2013 թվականի ընթացքում քրեական պատասխանատվության է ենթարկվել 1-ը:
«Ընդհանուր առմամբ, 1056 անձանց նկատմամբ կիրառվել է համաներման ակտ, դրանցից նորից քրեական պատասխանատվության է ենթարկվել ընդամենը 51-ը, որը կազմում է 4, 8 %: Մեզ մոտ ընդհանուր առմամբ կրկնահանցագործությունը կազմում է մոտավորապես 20% : Սա նշանակում է, որ այս մարդիկ հասկացել են, ընկալել են այն մարդասիրական ակտը, որ երկրի բարձրագույն իշխանություններն իրականացրել են իրենց նկատմամբ»,- ասաց Հրայր Թովմասյանը:
Որպես կանոն համաներումը կիրառվում է ազգային, պետական տոների ժամանակ:
Իրավաբան.net