Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայությունը պետական պահպանություն իրականացնող մարմինն է: Պահպանության ծառայությունը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հանրապետական մարմնի համակարգում գործող ծառայություն է:
Պահպանության ծառայության կառավարումն իրականացնում է ՀՀ Նախագահը: Պահպանության ծառայության ընդհանուր ղեկավարումն իրականացնում է ՀՀ ազգային անվտանգության հանրապետական մարմնի ղեկավարը, իսկ պահպանության ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնում է պահպանության ծառայության ղեկավարը:
Պահպանության ծառայության հիմնական կադրերը նրա զինծառայողներն են: Ծառայությունում պայմանագրային հիմունքներով կարող են աշխատանքի ընդունվել ծառայողներ և բանվորներ (քաղաքացիական անձնակազմ): Պահպանության ծառայության զինծառայողները Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հանրապետական մարմնում զինվորական ծառայության մեջ գտնվող անձինք են (սպաներ և ենթասպաներ): Պահպանության ծառայությունից պահեստազոր արձակված զինծառայողները մնում են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հանրապետական մարմնի կամ զինված ուժերի պահեստազորում:
Պահպանության ծառայության զինծառայողները զինվորական ծառայություն են անցնում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
Պահպանության ծառայությունում պայմանագրային կարգով սպասարկման աշխատանքներ իրականացնող քաղաքացիների աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ և ՀՀ ազգային անվտանգության հանրապետական մարմնի գերատեսչական նորմատիվ իրավական ակտերով:
Պահպանության ծառայությունում կադրերի պատրաստումը, վերապատրաստումը և որակավորման բարձրացումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների համապատասխան ուսումնական հաստատություններում: