ՍԴ-ն մերժել է վարույթ ընդունել «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների դիմումը․ պատգամավոր

ՍԴ-ն մերժել է վարույթ ընդունել «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների 33 պատգամավորենրի ստորագրություններով դիմումը։ Այս մասին գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

«Մենք վիճարկում էինք քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունների սահմանադրականությունը, որով նախատեսվում էր առանց դատաքննության, գործուն զղջալու հիմնավորմամբ քրեական պատասխանատվությունից ազատել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարած անձանց։

Այս 3 տարիների ընթացքում սահմանադրական դատարան է ներկայացվել 10 դիմում։

Չնայած այն հանգամանքին, որ այս իշխանության կողմից իշխանազավթման կարևոր և առանձին արար է եղել ՍԴ զավթումը, այդուհանդերձ, այս բոլոր դիմումներն իսկական գլխացավան են դարձել օրվա իշխանությունների և որոշում կայացնող դատավորների համար։
Ամեն դեպքում որոշում կայացնող դատավորները հասկանում են, որ իրենց բոլոր հակասահմանադրական քայլերի համար պատասխանատվությունն, ի վերջո, կրելու են անձամբ իրենք։

Այպես, օրինակ, չնայած բոլոր դիմումները մերժելու հակվածությանը, 10-ը դիմումից 2-ի դեպքում հնարավոր չէր եղել մոգոնել անօրինականությունն արդարացնող փաստեր և օրինակ առանց պատգամավորական անձեռնմխելիության հաղթահարման վերջիններիս ձերբակալությունը ճանաչվել էր հակասահմանադրական (արդյունքում կալանքից ազատվեցին ապօրինի բանտարկված պատգամավորները)։
Հիմա շուստրիները գլխացավանքից ազատվելու տարբերակ են գտել։ Նախ ամեն ինչ անում են դիմումը տեխնիկապես չընդունելու համար (արդեն 2-րդ անգամ հետ են ուղարկում դիմումը, իբր կասկածում են, որ պատգամավորները չեն ստորագրել)։

Տեսնելով, որ այդ ձևն առանձնապես օգտակար և իրավիճակ փոխող չէ, նոր վարքագիծ են որդեգրել։ Պարզապես, առանց դրա իրավունքն ունենալու, խախտելով սահմանադրությունը՝ հրաժարվում են քննության ենթարկել դիմումը։

Այսքանը նկարագրեցի ասելու, որ բռնապետությունը պոզով-պոչով չի լինում։ Հենց այսպիսին է լինում՝ այլախոհներին կալանավորելով ու ողջ իշխանությունն ուզուրպացնելով»,-նշել է նա։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել