«Բարոյական փախստականները» չեն կարողանում նայել ուրիշների աչքերի մեջ․ Նիկոլ Փաշինյան

Ժողովուրդ ջա՛ն, սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ և խոնարհվում եմ բոլորիդ առաջ․ իր ելույթում Երևանի քաղաքապետարանի դիմաց անցկացվող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Առաջին անգամ եմ մասնակցում քարոզչական երթին և շատ դժվար է լինելու ինձ համար մտքիցս հանել այդ խիստ գործնական, խիստ հուզական, խիստ համագործակցային երկխոսությունը, որով ասում ենք՝ ասեք, կանենք։ Շատ ճիշտ նկատվեց՝ խնդիրն այն չէ, որ երևանցին պետք է ամեն ինչ ասի և ցույց տա և մենք չգիտենք պրոբլեմները, այս կարգախոսով մենք երկու իմաստ ենք ընդգծում՝ Երևան քաղաքում ասողը Երևանի ընտրողն է, ուրիշ ասող չկա, չի եղել ու չի լինելու։ Երկրորդը՝ համայնքի ամենակարևոր առանձնահատկությունը երկխոսությունն է, մասնակցայնությունը և մենք ուզում ենք, որ երևանցին մասնակցի Երևանի նոր վերածննդին, ծաղկունքին»,-ասավ վարչապետը։

Նա շնորհակալություն հայտնեց Տիգրան Ավինյանին՝ նշելով, որ վերջինս գործուն, իրավիճակին տիրապետող քաղաքապետ ներկայացավ Հանրային հեռուստաընկերության եթերում։

«Ուզում եմ իմ տարակուսանքը հայտնել այն մարդկանց նկատմամբ, ովքեր արհամարհեցին բանավեճի հարթակը։ Գիտեք՝ բեմում միայնակ կանգնել, վարչապետի ձայնը նմանակելով խոսել, դա վատ չէ ժողովուրդ, սա հեղափոխության արժեք է, սա ազատություն է, բոլոր բեմերն ազատ են ՀՀ-ի յուրաքանչյուր քաղաքացու համար և սա ոչ բռնի, թավշյա հեղափոխության ամենամեծ արժեքն է, բայց հեղափոխության արժեք է նաև քաղաքական բանավեճը։ Ես երկու անգամ մասնակցել եմ բանավեճին, որովհետև դա հարգանք է ընտրողի նկատմամբ, իսկ հրաժարվելը՝ արհամարհանք։ Բա գնայիք, նայեիք ՔՊ-ի ներկայացուցչի աչքերի մեջ ու «շփցնեիր» ասելիքդ, բայց դուք աչքերի մեջ նայել չգիտեք, որովհետև չեք կարող, որովհետև «բարոյական փախստականները» չեն կարողանում նայել ուրիշների աչքերի մեջ, բա ինչու՞ չեք գնում բանավեճի։ Վախենու՞մ եք, որ կպարզի, որ էլի ուրիշի ձայնով եք խոսում, որ ուրիշի գրած սցենարով եք խաղում։ Եվ մեզ էլ ասում են՝ նախկիններից չեք տարբերվում։ Էդ նախկիններն էին, որ ասում էին՝ մենք բանավիճելու բան չունենք, դա ընտրակեղծարարի մոտեցում է։ Բանավեճը հարգանք է նաև մրցակիցների նկատմամբ»,-ասաց վարչապետը։

Նա անդրադարձավ նաև մյուս թեկնածուին, որը չէր մասնակցել բանավեճին, շեշտելով, որ նա քաղաքացիներին կոչ է անում՝ կրակել քվեներով։

«Բա գնայիր բանավեճի, քո խոսքով կրակեիր, դու ուրիշներին կրակելու կոչ ես անում ու փախնում քաղաքական դուելից, այ վախկոտ դասալիք։ Ու ընդհանրապես՝ խորհուրդ կտամ կրակելուց խոսողներին, բառապաշարի վերանայումներ անել ու սեփական բախտը չփորձել, սա ձեր ու ձեր կնքահայրերի համար 1999 թիվը չէ, առավել ևս հոկտեմբերը չէ և առավել ևս 27-ը չէ։ Սա 2023 թիվն է, սեպտեմբերն է և 17-ն է։ Դե մի հատ, կներեք կոշտ բառապաշարի համար, մի հատ դե բախտներդ փորձեք ու ձեզ սպասվում է ասֆալտի հարուստ դիետա, էնքան ասֆալտ ուտեք ու «բորձյուր» լիզեք, որ Երևանի սանմաքրման 5-ամյակը մի շաբաթում կատարենք ու գերակատարենք, դե բախտներդ փորձեք»,-ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել