Ներքին շուկայի պաշտպանության մասին օրենսդրության համաձայն՝ ուսումնասիրությունն սկսելուց առաջ, տնտեսության ճյուղի տնտեսավարող սուբյեկտների գրավոր պահանջով կամ Լիազոր մարմնի նախաձեռնությամբ, տեղի են ունենում ներքին շուկայի պաշտպանության միջոցառումների շուրջ խորհրդակցություններ` Լիազոր մարմնի և տնտեսության ճյուղի տնտեսավարող սուբյեկտների միջև:
Խորհրդակցությունների ընթացքում քննարկվում են ուսումնասիրվող ապրանքի ներմուծման միտումների և պայմանների, դրա հետ կապված տնտեսական ու առևտրային իրադրության և կիրառվելիք միջոցառումների հետ կապված հարցերը:
Նշենք, որ խորհրդակցությունները տեղի են ունենում նաև պաշտպանական միջոցառման կիրառման ընթացքում: Այդպիսի խորհրդակցությունները հրավիրվում են ոչ ուշ, քան միջոցառման կիրառման ժամկետի կեսը լրանալը, և դրանց ընթացքում քննարկվում են`
ա) միջոցառման ունեցած ազդեցությունները.
բ) միջոցառման ազատականացման ընթացքը և եղանակները.
գ) միջոցառման հետագա կիրառման անհրաժեշտությունը: