«Կան ուժեր, որոնք ակնհայտորեն հույս ունեն Երևանի ավագանու ընտրությունների համատեքստում Հայաստանում անկայունություն կամ ճգնաժամ մտցնել։ Ցավոք, դա երևում է ընտրություններին մասնակցող մի շարք ուժերի շեշտադրումներից և նպատակադրումներից»,-այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարզազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ինչ վերաբերում է ՔՊ-ական նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին և նրա հնչեցրած քննադատություններին, ապա Փաշինյան արձանագրեց, որ «Հայկ Մարությանն իր աջակցությամբ է դարձել հեղափոխական թիմի քաղաքապետի թեկնածու»։
«Նա ինձ մոտ է եկել և ինձանից է խնդրել այդ աջակցություն և հավաստիացրել, որ գալիս է մեր թիմը ուժեղացնելու: Դա ինձ համար տարօրինակ պնդում և տարօրինակ հայտարարություն է, որովհետև ես Հայկ Մարությանից երբեք չեմ լսել, որ մենք շեղվել ենք հեղափոխության ճանապարհից»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը՝ մատնանշելով, որ «Հայաստանը հեղափոխական ճանապարհից չի շեղվել»:
«Ընկերներս ասում էին՝ Հայկ Մարությանը «գաստռալյոր» է և իրադրության փոփոխության դեպքում հին սցենարը մի կողմ է շպրտելու: Ստացվեց, որ այդ քաղաքական ընկերությունը լավ ժամանակների ընկերություն էր՝ մինչդեռ իրական համախոհությունը պետք է վատ ժամանակներում, իսկ դժվար ժամանակներում հեշտությամբ Մարությանը դիմում գրեց: Սա ինձ համար ոչ այնքան քաղաքական, որքան մարդկային իրավիճակ է»,- շեշտեց նա՝ նշելով, որ այդ իրավիճակի վերաբերյալ կա «ցավի զգացողություն»: