Կարեն Աղաջանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի պետական սահմանն ապօրինի հատելու և փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու հոդվածներով: Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Ըստ մեղադրանքի՝ ամբաստանյալը, չունենալով ՌԴ-ից Հայաստան վերադառնալու համապատասխան փաստաթուղթ, 2012թ դեկտեմբեր ամսին ՌԴ Սարաով քաղաքում գտնվող գրասենյակներից մեկում ներկայացրել է կրտսեր եղբոր` Նարեկ Աղաջանյանի զինգրքույկը ու իր լուսանկարը և ստանալով իր լուսանկարով, սակայն եղբոր կենսորոշիչ տվյալներով ՌԴ Դոնի Ռոստով քաղաքի ՀՀ հյուպատոսարանի կողմից տրված ՀՀ վերադարձի կեղծ վկայականը, 27.12.2012թ ՌԴ-ից ժամանել է Հայաստան:
Կարեն Աղաջանյանը ստորագրությամբ ազատ է արձակվել: Գործի դատաքննությունը շարունակվում է:
Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Իրավաբան.net